ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանի կողմից նույն կազմակերպության սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020 թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանը՝ 18-ամյա երիտասարդը, գտնվելով նշված ՊՈԱԿ-ի երկրորդ հարկի միջանցքում, ցանկացել է զրուցել նույն ՊՈԱԿ-ի սանի հետ: Սակայն վերջինս, գտնվելով ննջասենյակում և խուսափելով նրա հետ զրույցից, կազմակերպության սաներից մեկին խնդրել է փոխանցել, թե, իբր, ինքը քնած է: 18-ամյա երիտասարդը, ցավագին ընդունելով իր հետ զրուցելուց խուսափելու համար իրեն սուտ տեղեկություններ փոխանցելու հանգամանքը, ննջասենյակից դուրս է կանչել կազմակերպության սանին, միջանցքում նախ դիտողություն է կատարել վերջինիս, ապա դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա դեմքի շրջանին: Այնուհետև մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: