Աշխատանքային օրվա ավարտը ՍԴ-ին չի շտապեցնի հապշտապ որոշում կայացնել

Սահմանադրական դատարանում խորհրդակցությունը շարունակվում է մինչև դատարանի կողմից որոշում կամ եզրակացություն ընդունելը, բացառությամբ ընդմիջումների և հանգստի համար նախատեսված ժամանակի: Այս նորմը սահմանվում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով:

Այսինքն` այսօր նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի նախագահի ընտրությունների ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների վերաբերյալ որոշման դեմ հայցով որոշում կայացնելու համար աշխատանքային ժամի ավարտը ՍԴ-ի վրա չի տարածվում:

Տեղեկացնենք, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`
ա) անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ) ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին կամ կուսակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատասխան թվովթեկնածուների,
գ) ընտրությունները ճանաչել չկայացած,
դ) նշանակել ընտրության երկրորդ փուլ:

Հիշեցնենք, որ գործով որոշում կայացնելու համար ՍԴ դատավորները խորհրդակցության սենյակ են մտել երեկ ժամը 19-ին: Հանրապետության Նախագահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո` տասնօրյա ժամկետում: Այսօր այդ ժամկետի վերջին օրն է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել