Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկման օրը հայտնի է

Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանավորման հարցով վերաքննիչ բողոքի քննարկումը նշանակվել է 2013 մարտի 18-ի ժամը 16.00-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանում: Այս մասին հայտնում է Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:

Սիրունյան իրավաբանական գրասենյակն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ նշելով, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն Հանրապետության Նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն Հանրապետության Նախագահի թեկնածուն, ընտրված Նախագահը մինչև Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռեւս որոշում չի կայացվել Հանրապետության Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչեւ օրս հանդիսանում է Հանրապետության Նախագահի թեկնածու եւ կալանավորվել չէր կարող:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել