Սահմանադրական դատարանում սկսվեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննության երրորդ օրը: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը:
Երեկ կայացած նիստի ժամանակ իր դիմումն է ներկայացրել Անդրիաս Ղուկասյանը: Նրա վերլուծությունները հիմնված են եղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվային տվյալների վրա: Ապա ԿԸՀ-ն հանդես է եկել պատասխան ելույթով: ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն անիմաստ է համարել ներկայացված դիմումները, զուրկ փաստական հանգամանքներից: Նա դատարանին խնդրել է մերժել նախագահի թեկնածուների դիմումները:
Այսօր ՍԴ-ում կշարունակվի լսել հայցվորների կողմից ԿԸՀ-ին տրվող հարցերը: Նախատեսվում է նաև լսել երկու կողմերի ամփոփիչ ելույթները:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ից խնդրում են անվավեր ճանաչել 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների ԿԸՀ-ի հրապարակած արդյունքները:
Աղբյուրը` Իրավաբան.net