Օդորակիչները, ըստ գիտնականների, կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը․ BBC

Տարբեր երկրներում կարանտինի ռեժիմը մեղմվել է, իսկ օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է։ Քաղաքացիների մոտ հարց է առաջանում՝ կարելի է արդյոք ամառային տապին միացնել օդորակիչները, եթե աշխարհում կորոնավիրուսային համաճարակ է, արդյո՞ք այն մեծացնում է վարակվելու հավանականությունը:

BBC-ի փոխանցմամբ՝ օդորակիչները, ըստ գիտնականների, կարող են նպաստել կորոնավիրուսի տարածմանը: Բայց դրանք չեն կարող լինել դրա աղբյուրը: Ուստի հարկ է հաշվի առնել, թե որտեղ և ինչպես են դրանք օգտագործվում:

Գիտնականների խոսքով՝ օդորակման համակարը իսկապես կարող է բարձրացնել վարակի տարածումը, եթե հիվանդ մարդ է գտնվում սենյակում:

Օդորակիչները, ըստ էության,  շրջանառում են նույն օդը՝ առանց օդափոխման։

«Կա պրակտիկա. Եթե օդորակիչը միացված է, պատուհանները ամբողջությամբ փակված են: Օդորակիչը աշխատում է այնպես, որ օդը վերցնում է, սառեցնում ու վերադարձնում է», – բացատրում է Ուկրաինայի Առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնի մասնագետ Դանիլա Բրինդակը:

Հետևաբար, երբ վիրուսով վարակված անձը փռշտում կամ հազում է, օդորակիչից օդի հոսք կարող է տարածել այդ կաթիլները։ Հիշեք նաև, որ օդի հոսքի ուղղությունը նույնպես կարևոր է:

Պարբերականը նշում է՝  սեփական բնակարանում կամ տանը օդորակումը շատ ավելի անվտանգ է, քան հասարակական վայրերում, եթե ձեզ հետ բնակվող անձինք առողջ են:

Ինչ վերաբերում է գրասենյակներին և ռեստորաններին, ապա ռիսկը, իհարկե, մեծ է: Բայց մասնագետները խորհուրդ չեն տալիս լիովին հրաժարվել օդորակիչներից, քանի որ մարդկանցով լիքը սենյակում գտնվելը կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել, հատկապես տարեցների համար:

Մասնագետների հիմնական խորհուրդը սենյակը պարբերաբար օդափոխելն է:

«Անիմաստ է արգելել մարդկանց օգտագործել օդորակիչներ, քանի որ դրանք անհրաժեշտ են հարմարավետության համար: Բայց լավ օդափոխումը մնում է պարտադիր», – ասում է Դանիլա Բրինդակը:

Բացի այդ, կորոնավիրուսը սովորաբար դառնում է ավելի քիչ վտանգավոր`օդի ջերմաստիճանի բարձրացման հետ։ Աշխատեք ջերմաստիճանը շատ չիջեցնել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել