Գիշերը մի ժամանակահատված է, որի ընթացքում երկնային մարմնի (մոլորակի, նրա արբանյակի և այլն) մակերևույթի վրա որոշակի կետի համար կենտրոնական լուսատուն (Արեգակը, աստղը) գտնվում է հորիզոնի գծից ներքև։
Գիշերվա տևողություն որոշակի կետում կախված է նրա լայնությունից, մոլորակի ուղեծրի հարթության նկատմամբ նրա առանցքի թեքությունից և դեպի կենտրոնական լուսատու տանող երևակայական գծի ու առանցքի կազմած անկյունից։ Երկնային մարմինների ցերեկային և գիշերային կողմերը բաժանվում են տերմինատորներով։
Պետք է նշել, որ գիշերային ժամանակ հասկացությունը հարաբերական է. մեկի համար գիշերը կարող է սկսվել ժամը 22:00-ից, մեկ ուրիշի համար՝ 00:00-ից, մյուսի համար էլ, ասենք, 01:00-ից:
Այն, որ յուրաքանչյուրիս համար գիշերային ժամանակ ասվածը տարբեր է, դեռ ոչինչ, բայց որ օրենքով էլ այն միասնական և միանշանակ չէ, կարծում ենք, ճիշտ չէ: Մասնավորապես, գիշերային ժամանակ հասկացությունը տարբերվում է տարբեր իրավական ակտերում:
Ներկայացնենք, թե տարբեր իրավական ակտերում ինչպես է կարգավորված գիշերային ժամանակ հասկացությունը:
Այսպես.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188 պրիմ 1 հոդվածը սահմանում է, որ քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի, և նշում, որ գիշերային ժամանակ է հանդիսանում ժամը 22.00-իցմինչև 7.00-ն:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով ևս սահմանված է «գիշերային ժամանակ» հասկացությունը, մասնավորապես օրենսգրքի 180-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում գիշերային ժամանակ լռությունը խախտելու համար և միաժամանակ նշում, որ գիշերային ժամանակ է հանդիսանում ժամը 23.00-իցմինչև 7.00-ն:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով գիշերային ժամանակ է համարվում ժամը 22:00-իցմինչև 06:00-ն, այս ընթացքում կատարված աշխատանքը համարվում է գիշերային աշխատանք:
Պետք է նշել, որ գիշերային ժամանակ հասկացությունն օգտագործվում է նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, սակայն ի տարբերություն վերը նշված իրավական ակտերի, այստեղ այդ հասկացությունը «բացված» չէ, այսինքն, նշված չէ, թե որ ժամից է սկսվում և ավարտվում գիշերը:
Ինչպես տեսնում ենք, օրենսդիրը տարբերակված մոտեցում է ցուցաբերել «գիշերային ժամանակ» հասկացության նկատմամբ, ինչը, կարծում ենք, արդարացված չէ և կարող է թյուրիմացություն առաջացնել քաղաքացիների, ինչու ոչ՝ նաև իրավաբանների մոտ:
Նկատի ունենալով վերը նշվածը՝ կարծում ենք, որ միասնականություն և հստակություն ապահովելու համար ճիշտ կլինի սահմանել գիշերային ժամանակի մեկ ընդհանուր հասկացություն:
ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net