Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգա տեսին:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ոստիկանության պետը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշեց, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։ Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ պայքարի առաջնագծում են։
Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանների կողմից իրականացվող վարչական վարույթների միակ նպատակը քաղաքացիների առողջության պահպանում է։ Եվ ոստիկանները շարունակելու են իրականացնել արտակարգ ծառայություն՝ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։
Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց սրտացավ ու պատվաբեր ծառայության համար և հայտնեց, որ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանները, իր հրամանով, արժանացել են խրախուսանքների։
Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաները շրջեցին գնդի տարածքում, եղան ստորաբաժանումներում, հետևեցին ուսումնական, ֆիզիկական ու մարտական պարապմունքներին։
Այցի ավարտին ոստիկանության պետը բարի ծառայություն մաղթեց պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններին, որոնք դուրս եկան ծառայության։