Մի շարք երկրների առաջնորդներ շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ նրան են հղել շնորհավորական ուղերձներ։

Վրաստանի նախագահ  Սալոմե Զուրաբիշվիլիի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պատմականորեն մեր երկրները կապված են բարեկամության և համագործակցության ամուր թելերով: Թե՛ հայ ժողովրդի, թե՛ համաշխարհային հանրության համար հիմա դժվարին օրեր են, սակայն ես հպարտ եմ, որ մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում են անձեռնմխելի, և մենք մեծ հեռանկարներ ենք տեսնում մեր կապերի խորացման համար»:

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ի դեմս Ձեզ՝ Հայաստանն ունի առաջնորդ և հայրենասեր անձ, ով իր ողջ ուժերը ներդնում է հանուն երկրի և ժողովրդի բարօրության։

Ղազախստանին ու Հայաստանին երկար տարիներ կապում են բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը։ Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը հետագայում ևս նպաստելու է բազմակողմ և երկկողմ համագործակցության ընդլայնմանն՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ձեր կյանքի և քաղաքական ուղու հարուստ փորձը, Հայաստանի կայուն զարգացման գործում ծանրակշիռ ներդրումը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վառ օրինակ են, ինչն արդարացիորեն Ձեզ արժանացրել է անկեղծ հարգանքի և մեծ հեղինակության ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ղազախական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության ամուր կապերի և փոխվստահության վրա, հետագայում ևս կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլանիի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․

 «Պահպանում եմ Երևանում և Հռոմում մեր հանդիպումների մասին ջերմ հիշողությունը, որը վերահաստատում է Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների կարևորությունը, և սիրով արձանագրում եմ դրանց շարունակական ընդլայնումը:

Ազատության և ժողովրդավարության  տենչանքը մեր ժողովուրդների ընդհանուր պատմության հատկանիշն է, որը յուրաքանչյուրիս մեր ուղիով հասցրեց անկախության և հանրապետության»։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․

«Մեծարգո պարոն Նախագահ,

Նորին Գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն մաղթանքներս:

Հայաստանը համագործակցության ավանդական գործընկեր է Չինաստանի համար: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան, քաղաքական շփումները դարձել են ավելի սերտ, խորանում է գործնական համագործակցությունը:

Կորոնավիրուսի համավարակի բռնկման պահից Չինաստանը և Հայաստանը հաստատուն կերպով աջակցում են միմյանց և հաղթահարում դժվարությունները միասնական ջանքերով, ինչը լիովին արտացոլում է երկու երկրների ժողովուրդների խորը բարեկամությունը:

Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր ներդնել, որ երկկողմ հարաբերությունները և բազմակողմ համագործակցությունը մեծ արդյունքներ գրանցեն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:

Մաղթում եմ քաջառողջություն և ամենայն բարիք»:

Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչիի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․

«Ես գնահատում եմ Ձեր ավանդը փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում: Հաճույքով եմ հիշում մեր նախորդ հանդիպումներն ու զրույցները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի բաց փոխանակման հնարավորությունները: Հուսով եմ՝ շուտով կրկին հնարավորություն կունենանք հանդիպելու և շարունակելու աշխատանքներն ապագային միտված մեր ընդհանուր ծրագրերի իրագործման շուրջ»:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է․

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն, ինչպես նաև հաջողություններ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր բոլոր նախաձեռնություններում և ձեռնարկներում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել