Խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները. ոստիկանությունը՝ լրագրողներին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որում ասվում է.

«Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի:

Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:

Հարգելի լրագրողնե՜ր:

Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:
Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին՝ և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել