Շահութահարկի վերաբերյալ նոր փոփոխություններ են նախատեսվում Հարկային օրենսգրքում

ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել, միակ հարցը վերաբերում էր Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններին, որի մասին նախագիծը ներկայացնում էր Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Առաջին ընթերցմամբ այն  ընդունվեց 94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի եւ նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաեւ կանխավճարի որեւէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարում:

Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ. հիմնական եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով եւ այլընտրանքային եղանակ, որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով:

Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն:

Խնդիրը կայանում է նրանում, որ շահութահարկի կանխավճարների գործող համակարգը բավարար չափով ճկուն չէ, եւ այդ պատճառով ներկա տնտեսական իրավիճակում տնտեսավարող սուբյեկտների համար հանգեցրել է ընթացիկ իրացվելիության խնդիրների: Մասնավորապես, տնտեսավարող սուբյեկտներից շատերը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը չկարողանալով կանխատեսել հնարավոր տնտեսական դժվարությունները, հարկային մարմին չեն ներկայացրել շահութահարկի կանխավճարներն այլընտրանքային եղանակով կատարելու հայտարարություններ, ինչի արդյունքում ստիպված են ընթացիկ տարվա ընթացքում յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարները կատարել նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել