«Winston» ընդդեմ «Wilson»-ի: Բրե՞նդ, թե մոլորություն

13.04.2011 թվականին «Ջփեն Թբեքոու Ինք.»-ի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կողմից «Wilson» ապրանքային նշանի N16585 գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով Դատարան, հայտնել է, որ «Հարինգթոն Դիվելըփմընթ Ինք.» (Harrington Devolopment Inc.) ընկերությունը՝ գրանցված Arango-Orillac Bldg. East 54th Street, Panama, Republic of Panama հասցեով, 2010թ. հունիսի 24-ին էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալություն հայտ է ներկայացրել «Wilson» ապրանքային նշանն իր անունով գրանցելու մասին։ 2011թ. փետրվարի 15-ին այդ «Wilson» ապրանքային նշանը ստացել է պետական գրանցում (Վկայագիր N16585), ինչի համաձայն ապրանքային նշանի սեփականատերը ստացել է ՀՀ տարածքում «Wilson» ապրանքային նշանը տիրապետելու բացարձակ իրավունք։ Հայցվորի խոսքով` գրանցելով N16585 «Wilson» ապրանքային նշանը, Գործակալությունը խախտել է «Ապրանքային նշանների մասին» օրենսդրությունը ավելի վաղ գրանցված շփոթության աստիճանի նման «Winston» ապրանքային նշանների առկայության պատճառով։ Այդ իսկ պատճառով N16585 «Wilson» ապրանքային նշանը, ենթակա է չեղյալ ճանաչվելուն։

Հայցվորի խոսքով` «Winston» սիգարետների վաճառքի ծավալը Հայաստանում կազմում է 7,9% սիգարետների վաճառքի ընդհանուր ծավալում, ինչը վկայում է այն մասին, որ «Winston» ապրանքային նշանը համարվում է N1 բրենդը (սիգարետների նկատմամբ) Հայաստանում։

2010թ. հունիսի 24-ին «Հարինգթոն Դիվելըփմընթ Ինք.» ընկերության կողմից Գործակալություն է ներկայացվել «Wilson» ապրանքային նշանի հայտ։ Գրանցելով «Wilson» նշանը՝ հայցվորի կարծիքով, Գործակալությունը խախտել է մտավոր սեփականության ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրությունը («Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենք): Օրենքի խախտումը կայանում է նրանում, որ «Wilson» ապրանքային նշանի սեփականատերը՝ «Հարինգթոն Դիվելըփմընթ Ինք.» ընկերությունը, հանդիսանում է Պանամայի ընկերություն, իսկ «Wilson» նշանն իրենից ներկայացնում է աշխարհագրական անվանում, հանդիսանում է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի կենտրոնական մասում գտնվող քաղաք, որը հանդիսանում է թույլ ծխախոտի աշխարհում ամենախոշոր շուկան։

Այսպիսով, սպառողը կարող է մոլորության մեջ ընկնել, կարծելով, որ գնում է ԱՄՆ-ում արտադրված լավ որակի թույլ ծխախոտի սիգարետ, այնինչ արտադրողը գրանցված է Պանամայում, իսկ որտեղ է արտադրում սիգարետները, հայտնի չէ։

Հայցվորի դիրքորոշման համաձայն՝ նշված ազգային և միջազգային գրանցված «Winston» նշանները և «Wilson» նշանն իրար նման են շփոթության աստիճանի։ «Հարինգթոն Դիվելըփմընթ Ինք.» ընկերությունը պարզապես նմանեցրել է իր «Wilson» նշանն աշխարհահռչակ «Winston» նշանին սիգարետների համար սպառողին մոլորության մեջ գցելու նպատակով՝ օգտագործելով «Winston» նշանի բարի համբավը։ Վերջերս այդ ընկերությունը Գործակալություն հայտեր է ներկայացրել որոնք «Winston» նշանին ևս նմանակում են։ Դրանք են՝ հայտ .N 20101305 «Wilton» հայտ N20101803 «Wickson», հայտ N20101316 «Excess»։ Ուստի Հայցվորը մտավոր սեփականության գործակալություն առարկություններ է ներկայացրել այդ հայտերով ներկայացված «Wilton» «Wickson», «Excess» նշանների գրանցման դեմ։

Գործակալությունը առարկելով հայցի դեմ՝ անդրադարձել է այն հանգամանքին, որ որպեսզի Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետում նշված նշանի գրանցումր մերժվի, տվյալ ապրանքային նշանը կրող ապրանքի սաստողը պետք է ենթադրի կամ եզրակացնի, որ այդ նշանը կրող ապրանքն արտադրված է ինչ-որ մի կոնկրետ աշխարհագրական վայրում։ Պատասխանողի խոսքով` Հայցվորը չի ներկայացրել որևէ գրավոր ապացույց առ այն, որ Հայաստանի միջին սպառողին հայտնի է Վիլսոն (Wilson) անունով քաղաք։ Ընդհակառակը, Հայցվորն ինքն իր հայցադիմումում հաստատում է, որ Wilson անունով քաղաք Հայաստանի միջին սպառողին հայտնի չէ։ Այսինքն՝ Հայաստանի միջին սպառողը նույնիսկ չգիտի էլ, որ ԱՄՆ-ում կամ աշխարհում գոյություն ունի նման անունով քաղաք։ Հետևաբար, «Wilson» բրենդով արտադրվող ծխախոտի աշխարհագրական ծագման, արտադրողի, դրա որակի կամ բնույթի իմաստով որևէ մոլորություն կամ շփոթություն Հայաստանի միջին սպառողի մոտ առաջանալ չի կարող։

Ինչ վերաբերում է քննարկվող նշանների սկզբնական և վերջնական տարրերի թվացյալ նմանությանը, Պատասխանողի խոսքով, եթե առաջնորդվենք Հայցվորի տրամաբանությամբ, ապա կարելի է ենթադրել, որ հայ միջին սպառողը կարող է նաև շփոթվել, եթե, օրինակ, գազավորված հյութերի բնագավառում առաջին կամ երկրորդ ամենահայտնի «Coca Cola» հյութի հետ մեկտեղ սկսվի «Cogla gola» հյութի վաճառք։

Դատարանի պատճառաբանությամբ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ երրորդ անձի անվամբ գրանցված «Wilson» ապրանքային նշանը չի կարող շփոթություն առաջացնել ՀՀ տարածքում նույնատիպ ապրանքների և ծառայությունների համար պահպանվող ավելի վաղ գրանցված ապրանքային նշանների հետ, բառերը ընդհանուր առմամբ չեն զուգորդվում միմյանց հետ և մարդու մոտ չեն առաջացնում պատկերացում մեկ այլ նշանի մասին, ուստի ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայցվորի պահանջը անհիմն է և ենթակա է մերժման։

ՀՀ վարչական դատարանը վճռեց «Ջփեն Թբեքոու Ինք.» ընկերության հայցն ընդդեմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության՝ վարչական ակտն անվավեր ճանչելու պահանջի մասին, մերժել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել