Ինչպե՞ս է ՄԻՊ ռազմավարությունը նախատեսում ապահովել խոշտանգումների արգելքը ՀՀ-ում

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելքը մարդու հիմնարար իրավունքներից է, որն ամրագրված է տարբեր միջազգային իրավական ակտերով և ՀՀ Սահմանադրությամբ: 

Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչը  նշանակում է, որ որևէ հանգամանք չի կարող հիմնավորել մարդու նկատմամբ խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը, պատիժը, այդ թվում՝ մարմնական պատիժները: 

Չնայած խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումներին և գործնականում դրանց կիրառման մեխանիզմների ներդրմանը, Հայաստանում դեռևս առկա են մի շարք օրենսդրական և գործնական բացեր ու խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ ապահովելու այս իրավունքի արդյունավետ պաշտպանությունն ու երաշխավորումը: Այս խնդիրները հաշվի առնելով՝ ՀՀ Կառավարության կողմից 2019թ-ի դեկտեմբերի 26-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների միջոցառումները նախատեսում  են բազմաբնույթ քայլեր՝ ուղղված օրենսդրական բացերի վերացմանը, կանխարգելման և քննության արդյունավետ ինստիտուցիոնալ կառուցակարգերի ամրապնդմանը, անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովմանը և ոլորտի պատասխանատուների կարողությունների զարգացմանը: 

Այս միջոցառումները նպատակ ունեն  ուշադրության կենտրոնում պահել հատկապես խոշտանգման ենթարկվելու առավել վտանգի տակ գտնվող անձանց, առաջին հերթին՝ ազատությունից զրկվածներին, ինչպես նաև խոշտանգումներից պաշտպանությանն ուղղված գործողություններ նախատեսել նաև այլ փակ կամ կիսափակ հաստատություններում գտնվող մարդկանց՝ երեխաների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց, տարեցների պաշտպանության նպատակով, ինչի արդյունքում ակնկալվում է Դատարան ուղարկված խոշտանգման հիմքով հարուցված քրեական գործերի թվի առնվազն 5% աճ: 

Նշված նպատակներին հասնելու համար, 2020-2022 թվականներին  նախատեսվում է  իրականացնել հետևյալ գործողությունները՝

  • Ձեռք բերել ձերբակալված և կալանավորված անձանց (այդ թվում՝ հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց) տեղափոխող մատչելի տրանսպորտային միջոցներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կնվազի ձերբակալված և կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերը։
  • Օրենսդրորեն ամրագրել վաղեմության ժամկետի կիրառման սահմանափակումներ խոշտանգման հանցանքի նկատմամբ, որի արդյունքում կնվազեն խոշտանգման դեպքերը, դրանց վերաբերյալ քրեական գործերի հարուցումը մերժելու կամ դրանք կարճելու մասին որոշումները։
  • Մշակել «ֆիզիկական ուժեղ ցավ» և «հոգեկան տառապանք» եզրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ ուղեցույցներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կնվազեն խոշտանգման դեպքերը, դրանց վերաբերյալ քրեական գործերով քրեական գործի հարուցումը մերժելու կամ դրանք կարճելու մասին որոշումները։
  • Վերանորոգել ՔԿՀ-ների խցերը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան, որի արդյունքում կբարելավվի ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, կնվազեն ազատությունից զրկված անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ցուցաբերման ռիսկերը:
  • Կահավորել ՔԿՀ-ներում հատուկ խցեր՝ ինքնասպանության հակում ունեցող անձանց համար, որի արդյունքում կնվազի ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը։
  • Ստեղծել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին անանուն հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմ, որի արդյունքում կնվազեն ԶՈւ-ում, ՔԿՀ-ներում, հոգեբուժական հաստատություններում, Երեխաների խնամքի հաստատություններում  խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը։
  • Ապահովել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական, սոցիալական և իրավական ծառայություններից օգտվելու իրավունքի արդյունավետ իրականացման մեխանիզմները, որի արդյունքում խոշտանգման և այլ վատ վերաբերմունքի զոհերը պետության կողմից կապահովվեն վերականգնողական ծառայություններով, այդ թվում՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական և իրավական, ինչպես նաև կստեղծվեն երաշխիքներ խոշտանգման զոհերի իրավունքների վերականգնման ուղղությամբ։
  • ՀՀ ոստիկանության և ռազմական ոստիկանության բաժիններում տեղադրել տեսաձայնագրման միջոցներ, որի արդյունքում կնվազի խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը, իսկ տեսաձայնագրությունները կօգտագործվեն որպես ապացույց` այդ դեպքերի վերաբերյալ քրեական գործերով։ 
  • Ավելացնել ապաստան հայցող անձանց համար նախատեսված սենյակների քանակը, որի արդյունքում կնվազեն  ապաստան հայցող անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը։
  • Բարելավել ազատությունից զրկված անձանց՝ դատարաններում պահելու համար նախատեսված խցերի պայմանները` միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կնվազի ազատությունից զրկված անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը։
  • Օրենսդրությամբ կարգավորել ազատությունից զրկված անձանց` դատարանի խցերում տեղաբաշխելու, պահման բավարար պայմաններ, հստակեցնելով այս կապակցությամբ դատական կարգադրիչների և Ոստիկանության ուղեկցող ստորաբաժանման գործառույթները, որի արդյունքում կնվազեն ազատությունից զրկված անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը։
  • Հատուկ քննչական ծառայության անձնակազմը համալրել օպերատիվ աշխատակիցներով, որի արդյունքում կբարձրացվի քրեական  գործերի քննության արդյունավետությունը՝ բացառելով հետաքննության այլ մարմնի աշխատակիցներին դիմելու անհրաժեշտությունը։
  • Բարձրացնել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը, որի արդյունքում կնվազի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, այլ իրավունքների խախտումների դեպքերը։
  • Օրենսդրորեն արգելել երեխայի նկատմամբ մարմնական պատիժները, որի արդյունքում կնվազի երեխաների նկատմամբ բռնության դեպքերը։
  • Վերապատրաստումներ իրականացնել խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, հոգեբուժական, երեխաների խնամքի հաստատությունների աշխատողների, քրեակատարողական ծառայության ծառայողների և բժշկական անձնակազմի համար, որի արդյունքում կնվազեն խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերը:

Խոշտանգումների արգելքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը» (16.1):

 

 

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել