Կայացել է «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» հանրային քննարկումը

Ընթանում են հանրային քննարկումները՝ «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի իրազեկման և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ։

Մարզային քննարկումներից հետո այսօր՝ մայիսի 21-ին, որպես ամփոփիչ քննարկում կազմակերպվեց Երևանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների, տարբեր գերատեսչությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկումը՝ օնլայն ձևաչափով։

    Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Իրավաբանների հայկական ասոցիացիային՝ քննարկման կազմակերպման համար՝ կարևորելով ոլորտում քաղհասարակության կազմակերպությունների դերը։ «Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ու ապահովման վերաբերյալ Սահմանադրությամբ և մեր ստանձնած միջազգային պարտավորություններով ամրագրված հիմնադրույթների և պաշտպանական մեխանիզմների կենսագործումը՝ անկախությունից ի վեր՝ գործնականում, շարունակում է հանդիպել լրջագույն մարտահրավերների և կարծում եմ, որ սա կարող ենք համարել համատեղ արձանագրում։ Մեր կառավարությունը որպես կարևորագույն առաջնահերթություն է հռչակել՝ թե՛ իր ծրագրով, թե՛ միջոցառումներով, անձանց իրավունքների խախտումը և որ ամենակարևորն է մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության մշակումն ու իրականացումը»,- ասաց փոխնախարարը։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և աշխատակազմի անունից ելույթ ունեցավ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։ Խոսելով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի մասին, նա նշեց․ «Նախագծային փուլում ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը բավական լայն հանրային քննարկումներ են անցել։ Թե՛ ոլորտում առկա խնդիրների հավաքագրման առումով, թե՛ դրանց ճիշտ թիրախավորման, ձևակերպումների և այլ հարցերի հետ կապված քաղհասարակության կազմակերպությունների մեր գործընկերների և նախագծի հեղինակի՝ արդարադատության նախարարության հետ մեր քննարկումները շարունակական են։ Շատ կարևոր է, որ նույն սկզբունքով էլ արդեն իսկ ընդունված նախագծի կատարման ընթացքն ապահովվի հանրային լայն քննարկումների ու վերահսկողության անմիջական ապահովմամբ»։

«Մի բան է, որ կառավարությունն իրականացնում ու իր վերահսկողական մեխանիզմներով վերահսկում է գործընթացը, մեկ այլ բան՝ երբ դա անում է անկախ հանրային աչքը։ Այն, ինչը կառավարության համար տեսանելի չէ, տեսանելի է հասարակական, իրավաբանական, իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների համար։ Եթե ճիշտ մեթոդաբանություն ընտրվի և հետևողական աշխատանքներ իրականացվեն, ապա մենք հնարավորություն կունենանք նաև վեր հանել դաշտում առկա խնդիրները, որովհետև մարդու իրավունքների պաշտպանությունը բարձրագույն արժեք է և մանիպուլյացիաներ պետք չէ անել դրա հետ կապված՝ տարբեր քաղաքական և այլ նեղ կորպորատիվ նպատակների ու շահերի համար»,- իր խոսքում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, թե ինչ է նախատեսվում իրականցնել ծրագրի շրջանակներում։ «Չորս հիմնական ուղղություն է լինելու ծրագրի շրաջանակներում, առաջինը՝ մոնիթորինգի իրականացումն է, երկրորդը՝ միջազգային փորձի ուսումնասիրությունն է, քանի որ ռազմավարության վերաբերյալ ներկայացվելու են համապատասխան առաջարակներ, երրորդ փուլը երիտասարդների ներգրավումն է և չորրորդ՝ ամենակարևոր փուլը՝ հանրային իրազեկումը»,-ասաց ծրագրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում իրավական և սոցիոլոգիական հենքի վրա կառուցված փաստարկված զեկույց կկազմվի։

Ծրագրի սոցիոլոգ-փորձագետ Սոնյա Մսրյանը նշեց, որ մոնիթորինգի կենթարկվեն ոչ միայն քանակական, այլև որակական տվյալներ։ «Կիրառելու ենք փորձագիտական հարցազրույցների և ֆոկուս-խմբային քննարկումների մեթոդները»,-նշեց նա։

Քննարկմանը մասնակցում էին նաև ոստիկանության, Ազգային ժողովի, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Գլխավոր դատախազության, Փաստաբանների պալատի, Պետական եկամուտների կոմիտեի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վիճակագրական կոմիտեի, Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի և իրավապաշտպան ՔՀԿ-ների ներկայացուցիչները։

Մասնակիցները նշել են ոլորտային մի շարք խնդիրներ, որոնք իրավաբան-փորձագետի կողմից կամփոփվեն և հաշվի կառնվեն մոնիթորինգի իրականացման, զեկույցի և առաջարկությունների մշակման գործընթացում։

Հավելենք, որ համանման քննարկումներ են անցկացվել է արդեն ՀՀ մարզերի ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել