Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արտաշատի պահպանության բաժանմունքի հաշվապահ Փ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել տարբեր ժամանակահատվածներում նույն բաժանմունքի պետի պաշտոնները զբաղեցրած Գարիկ Հակոբյանի և Արմեն Առաքելյանի հետ, նրանց պաշտոնեական դիրքն օգտագործելով ուրիշի առանձնապես խոշոր չափի գումաների յուրացման համար:
Մայիսի 15-ին գործը վարույթ է ընդունվել։ Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին։
Փ․Գ․-ն մինչև 2017 թվականի մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է ոստիկանության ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժանմունքի հաշվապահի պաշտոնը:
Փ․ Գ․-ն պատասխանատվություն կրելով հաշվապահական հաշվառում վարելու, ֆինանսական հաշվետությունները ժամանակին պատրաստելու և ներկայացնելու համար, 2015 թվականի մայսի 19-ից մինչև 2016 թվականի փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում նույն բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Գարիկ Հակոբյանի հետ մշակել են պետական բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա, մասնավորպես, ամսեկան հաշվետվություններում ներկայացվել է, թե իբր, բաժանմունքն ունի քիչ թվով ծառայողներ, քան իրականում առկա են, ապա աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե, ինչի արդյունքում գոյացած գումարները յուրաքանչյուր ամիս, իսկ առանձին դեպքերում նաև բաժնի ծառայողներին հասանելիք պարգևավճարները, Գարիկ Հակոբյանի ցուցումով Փ․ Գ․-ն փոխանցել է իր, Գարիկ Հակոբյանի, ինչպես նաև բաժանմունքի աշխատակիցներ Հ․Խուդոյանի, Ա․Հովհաննիսյանի, Հ․Ենոքյանի և Հ․Ավետիսյանի բանկային քարտերի հաշիվներին:
Դրանից հետո Գարիկ Հակոբյանի հրահանգով Փ․Գ․-ն, իսկ որոշ դեպքերում նաև Գարիկ Հակոբյանը, նշված աշխատակիցներից ամեն ամիս պահանջել և ստացել են նրանց հաշիվներին փոխանցված ավել գումարները: Ավելին, ոստիկանության ՊՊԳՎ Արտաշատի պահպանության բաժանմունքի աշխատակիցներ չհանդիսացած Ա․Պողոսյանի և Ս․Ադամյանի բանկային հաշվեհամարներին փոխանցվել են ընդհանուր 4.882.001 ՀՀ դրամ, ինչից հետո, Փ․Գ․-ն Գարիկ Հակոբյանի ցուցումով իրեն, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ չհանդիսացած Ա․Պողոսյանի և Ս․Ադամյանի բանկային հաշիվներին փոխանցված և իր կողմից հավաքված տարբեր չափերի ընդհանուր գումարը յուրաքանչյուր անգամ հանձնել է Գարիկ Հակոբյանին։
Այս եղանակով կատարվել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 11.505.827 ՀՀ դրամ գումարի հափշտակություն:
Բացի այդ, նույն սխեման կիրառվել է 2016 թվականի փետրվարի 23-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում նույն բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Արմեն Առաքելյանի մասնակցությամբ։
Այս դեպքում էլ կատարվել է 12.995.744 ՀՀ դրամ գումարի հափշտակություն:
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: