Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված և առկա սահմանափակումներից ելնելով` Իրանից Հայաստան բեռների ներմուծումն իրականացվել է փոխաբեռնման միջոցով՝ օրական կատարելով 70-80 ավտոմեքենայի վերաբարձում: Իսկ դեպի ՀՀ այլ վայրեր բեռնափոխադրումներն իրականացվել են ոստիկանության աշխատակիցների ուղեկցմամբ` օրական 80-100 ավտոմեքենայով։ Իրանից ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի տարածք, սակայն, օրական մուտք է գործում 150-180 բեռնատար, ինչն աննախադեպ է մաքսակետի բնականոն գործունեության համար:
Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։
Ստեղծված իրավիճակում մաքսակետի թողունակության առանձնահատկությունից ելնելով առաջացել են հերթեր:
Չնայած յուրաքանչյուր հերթափոխ աշխատում է առանց դադարի և հանգստի, կուտակումներն անխուսափելի են: Հերթերի պատճառ են նաև ներկայացված թերի փաստաթղթերը, հայտարարատուի կողմից բանկային վճարումների ուշացումը, ինչպես նաև բեռի քաշի, քանակի, անվան անհամապատասխանությունը և այլն։
Բեռնափոխադրումներն անխափան իրականանցնելու նպատակով օրեր առաջ ՀՀ վարորդներին թույլատրվել է մուտք գործել ԻԻՀ տարածք՝ Նորդուզի մաքսակետում վերաբարձում իրականացնելու նպատակով: Այս պահի դրությամբ Նորդուզի մաքսակետը նույնպես աշխատում է գերծանրաբեռնված։ Այնտեղ ևս խցանումներ են. մոտ 300 բեռնատարներ հերթի մեջ են։ Ստեղծված իրավիճակում Մեղրիի մաքսային կետ-բաժնի և Նորդուզի մաքսակետի ղեկավարներն ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով քննարկումներ են ունենում խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հարցերի շուրջ։
Մեղրիի սահմանային անցակետի ծանրաբեռնվածությունը որոշ չափով թեթևացնելու նպատակով, ՊԵԿ-ի կողմից որոշում է կայացվել, որ Հայաստանում գրանցված բեռնատարներով Իրանից ներմուծվող ապրանքների համար ժամանակավորապես Մեղրիի մաքսային-կետ բաժնում կլրացվեն տարանցիկ հայտարարագրեր, այդ ապրանքները կուղարկվեն ՀՀ այլ մաքսային մարմիններ և տերմինալներ, որտեղ և կիրականացվեն վերջնական մաքսային ձևակերպումներն ու բացթողումը։
Պետական եկամուտների կոմիտեն Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող և Մեղրիի սահմանային անցակետից օգտվող վարորդներին, անհատ ձեռնարկատերերին, կազմակերպություններին և նրանց կողմից մաքսային մարմիններում հանդես եկող լիազորված անձանց, հատկապես արտակարգ դրության պայմաններում, կոչ է անում դրսևորել զսպվածություն և լինել կարգապահ, և քանի դեռ չի իրականացվում ԻԻՀ-ից ժամանող տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը ՀՀ տարածքում` ըմբռնումով մոտենալ ծագող բոլոր խնդիրներին։