ԱԺ-ն քննարկում է արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու դեպքում տուգանքի նշանակման հարցը

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում 1 հարց է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախատեսվում է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասը լրացնել նոր մասով, որի համաձայն արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը կառաջացնի տուգանք՝ 10 հազար դրամի չափով։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման սահմանների եւ դրանով վարակված անձանց թվի ավելացումը առաջացնում է անհրաժեշտություն իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ եւ շարունակական միջոցառումներ, որոնց իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակման:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է արտակարգ դրություն, որի շրջանակներում անձանց հիմնական իրավունքները ենթարկվում են որոշ ժամանակավոր սահմանափակումների: Այդ սահմանափակումների պահպանումն ապահովելու նպատակով անհրաժեշտ էն սահմանափակումների խախտման իրավական հետեւանքներ, այսինքն` օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ, որոնք համաչափ կլինեն խախտման բնույթին: Ուստի` անհրաժեշտ է վարչական պատասխանատվություն նախատեսող նորմերի միջոցով ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը:

Ներկա դրությամբ համաճարակի կանխարգելման եւ դրա հետեւանքները նվազագույնի հասցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում սահմանել ազատ տեղաշարժման պայմաններ եւ պահանջներ, որոնք չպահպանելը պետք է առաջացնի վարչական պատասխանատվություն, քանի որ հիվանդ եւ վարակի տարածման վտանգ կրող, մասնավորապես, վարակի գաղտնի կամ ինկուբացիոն շրջանում գտնվող անձանց կողմից հաճախ չի ապահովում սահմանված պահանջների կատարումը, որի արդյունքում հնարավոր չի լինում ապահովել վարակի հետագա տարածումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` «Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Ինչպես բխում է առկա կարգավորումից ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու համար եւս տուգանքը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով է, ինչը չի բխում համաչափության սկզբունքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել