Սոցիալական փաթեթը աշխատողների և (կամ) նրանց անմիջական ընտանիքի անդամների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովմանն ուղղված ծրագիր է, որի նպատակն է պետական մարմիններում` կրթության, մշակույթի գիտության ու սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպություններում նպաստել աշխատողների սոցիալական կարիքների բավարարմանը, աշխատողների մոտիվացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացմանը, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատմանը:
Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`
- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
- ուսման վճար` ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով,
- հանգստի ապահովում ՀՀ – ում և ԼՂՀ – ում,
- առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի` սոցփաթեթի շահառուի համար կամ առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռքբերում` շահառուի ընտանիքի անդամի համար, ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ձևով նախատեսված չափորոշիչներին համապատասխան:
Սոցիալական փաթեթի սահմանաչափը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ընդհանուր հատկացումների ներքո մեկ դրույքի (նորմալ աշխատաժամանակի) համար ամսական սահմանված է 6 հազ. դրամ է, որում չեն ներառվում առողջապահական փաթեթի և պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար նախատեսված միջոցները (այս բաղադրիչների համար նախատեսված միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղակիորեն տրամադրվում են ՀՀ առողջապահության նախարարությանը):
Աշխատողի անմիջական ընտանիքի անդամներ են համարվում աշխատողի ամուսինը, մինչև 27 տարեկան զավակը (զավակնեը):
Սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք` համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար:
Սոցիալական փաթեթի գումարն իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողն առաջին անգամ սոցիալական փաթեթի հաշիվ բացելու, ինչպես նաև սահմանված կարգով այլ բանկում սոցիալական փաթեթի հաշիվ բացելու դեպքերում աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձևի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
Դիմումի և տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով` բացառությամբ ուսվճարի և հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու օրենսդրությամբ սահմանված որոշակի դեպերի: Մասնավորապես՝ շահառուն կարող է իր աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում ներկայացնել ուսանողի՝ ավարտական կուրսում սովորելու մասին տեղեկանք՝ տվյալ բյուջետային տարվա համար նախատեսված սոցիալական փաթեթի գումարը միանվագ փոխանցելու համար: Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում՝ աշխատողը կարող է իր և զբոսաշրջային օպերատորի միջև կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու համար: Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:
ՇԱՀԱՌՈւՆԵՐ
1.Հետևյալ պետական մարմինների աշխատողները (հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողները).
ա. օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների),
բ. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ,
գ. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ,
դ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ,
ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ,
զ. Հայաստանի Հանրապետության դատախազություն,
է. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան,
ը. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով,
թ. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով,
ժ. Հաշվեքննիչ պալատ,
ժա. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ,
ժբ. Դատական դեպարտամենտ,
ժգ. Քննչական կոմիտե,
ժդ. Հատուկ քննչական ծառայություն,
ժե. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
ժզ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով,
ժէ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
2.կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները (հաստիքացուցակով նախատեսված պաշտոն զբաղեցնողները)`
ա. հանրակրթական դպրոցներ,
բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,
գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,
դ. գրադարաններ,
ե. թանգարաններ,
զ. մշակույթի տներ, կենտրոններ,
է. թատրոններ,
ը. համերգային կազմակերպություններ,
թ. տարեցների տուն-ինտերնատներ,
ժ. երեխաների տուն-ինտերնատներ,
ժա. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ,
ժբ. երեխաների խնամքի ցերեկային կենտրոններ,
ժգ. «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժդ. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժե. «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժզ. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժէ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժը. «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ժթ. «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
ի. «Հայրենիք-սփյուռք» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իա. «Հայաստանի ազգային գրապալատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իգ. «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իդ. «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իե. «Ուսուցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իզ. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իէ. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
իթ. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լ. «Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լա. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպություններ,
լբ. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,
լգ. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լդ. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լե. «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լզ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
լէ. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
լը. «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
3.Ինչպես նաև դատավորները, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի, Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի, «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի», «Արմենպրես» լրատվական գործակալության, «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող անձինք, վերը նշված հաստատություններում չաշխատող Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող «ԽՍՀՄ» և Հայաստանի Հանրապետության «ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ» պատվավոր կոչմանն արժանացած անձինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողներ` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրենի, տնօրենի տեղակալների) Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողները, ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշմամբ սահմանված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձինք:
Սոցիալական փաթեթ չի տրամադրվում (կամ կասեցվում է այդ ժամանակահատվածում՝ նշված անձանց համար) կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց, կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, ռոտացիայի հիման վրա օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններ տեղափոխված դիվանագետների, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով՝ պետական քաղաքական, պետական վարչական, ինքնավար (բացառությամբ դատավորների, դատախազների և քննիչների) պաշտոններ զբաղեցնող, գլխավոր դատախազի և նրա տեղակալների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների, օգնականների, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդականի, Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի, հատուկ հանձնարարություններով դեսպանի, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարների պաշտոններ զբաղեցնող անձանց: