Նախատեսվում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել․ նոր նախագիծ

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։

Օրինագծերով նախատեսվում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։

Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու և նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019թ-ի ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչև 2021թ-ի հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաև հին նմուշի անձնագիրը:

Ներկայումս մրցութային գործընթացը դեռևս ընթացքի մեջ է և նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված կարող է ձգձգվել՝ կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ։ Բացի այդ, մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիրկնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու և համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար ևս կպահանջվի տևական ժամանակ, ուստի անհրաժեշտ է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ՀՀ կառավարության 1998 թվականիդեկտեմբերի 25-իթիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, որպեսզի մինչև նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը և փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը հնարավոր լինի ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել