Ազգային ժողովը մայիսի 6-ին ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:
Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ այս օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում են նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը։
1. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի եւ յուրաքանչյուր երեխայի զարգացման առանձնահատկությունների ու կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի, երեխաների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմամբ՝ այդ տարիքի երեխաների զարգացման ոլորտներին եւ ուղղություններին համապատասխան:
2. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են՝
- երեխայի խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության, գրաճանաչության, ընդհանուր ճանաչողական զարգացումը,
- սոցիալական ու զգացմունքային (հուզակամային) զարգացումը.
- շարժողական եւ ֆիզիկական զարգացումը,
- ինքնուրույն գործունեության տարբեր ձեւերի, այդ թվում՝ ուսումնական եւ ստեղծագործական ունակությունների, հնարամտության, առողջ սովորույթների զարգացումը.
- մտավոր, ֆիզիկական, հիգիենիկ, գեղարվեստա-գեղագիտական, սոցիալական եւ հասարակական, զարգացման, բնագիտության, բնապահպանական , իրավական, քաղաքացիական, աշխատանքային դաստիարակության, առողջ ապրելակերպի հիմունքներին ծանոթացումը:
3. Նախադպրոցական կրթական ծրագրերն են՝
- հիմնական.
- այլընտրանքային.
- լրացուցիչ:
4. Նախադպրոցական կրթական ծրագրերը օտար լեզվով կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները՝ օտարերկրյա քաղաքացիների երեխաների կրթության կազմակերպման համար, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները:
5. Նախադպրոցական կրթական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել՝
- ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.
- մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.
- նախադպրոցական կրթական լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը.
- երեխաների խնամքի, առողջության պահպանման միջոցառումները.
- երեխաների սննդի կազմակերպումը.
- երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.
- սաների երկարօրյա ուսուցման, դաստիարակության կամ գիշերակացի կազմակերպումը.
- մարզաառողջարարական բազաներում, ճամբարներում սաների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:
6․ Նախադպրոցական հիմնական եւ այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:
7. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգերով: