Դավիթ Անանյանը՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետի կողմից կրկին հնչեցվեց այն միտքը, ըստ որի 2018 և 2019թթ ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները 2017 թվականի համեմատ ավելացել են շուրջ 505 մլրդ. դրամով (44 տոկոսով)։ Այս մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Եվ նորից սկսվեցին վարչապետի հայտարարությունը ոչ միայն կասկածի տակ դնելու մտքեր ու կարծիքներ հնչել, այլև որոշ անձինք իրենց պարտքը համարեցին “տեսակետներ” հնչեցնել և իրենց “մտորոմներով կիսվել” հանրության հետ։
Զուտ մասնագիտական տեսանկյունից պարտքս եմ համարում բացատրել վարչապետի կողմից հնչեցված 505 մլրդ դրամի «ծագումնաբանությունը»։

Նախորոք ներողություն եմ խնդրում մասնագիտական հանրությանը, որ բացատրությունս լինելու է մի փոքր “պարզունակ” (տնտեսագիտական և մասնագիտական տերմինաբանությամբ ոչ “ծանրաբեռնված”), որպեսզի հանրության հնարավորինս լայն (այդ թվում՝ ոչ մասնագիտական) շրջանակների համար լինի հնարավորինս հասանելի։

Այսպես.

2017 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,158.0 մլրդ դրամ։ 2018 թվականին փաստացի կատարողականը կազմել է 1,258.1 մլրդ դրամ, այսինքն՝ 2017 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 100.1 մլրդ դրամ (1,258.1-1,158)։

2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը կազմել է 1,464.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2018 թվականի համեմատ հարկային եկամուտների աճը 2019 թվականին բացարձակ թվով կազմել է 206.2 մլրդ դրամ (1,464.3-1,258.1)։

2018-2019թթ տարեկան արդյունքներով հարկային եկամուտների աճը 2017 թվականի համեմատ բացարձակ թվով ընդամենը կազմել է 306.3 մլրդ դրամ (100.1+206.2):

2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 275.7 մլրդ դրամ (որից՝ 132.7 մլրդ դրամը նախորդ ժամանակաշրջաններում հավաքած կանխավճարների գծով գերավճար, իսկ 143 մլրդ դրամը՝ ԱԱՀ-ի գծով դեբետային գերավճարների գծով պարտք)։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքը կազմել է 76.6 մլրդ դրամ, այսինքն՝ 01.01.2018թ․ դրությամբ առկա պարտքը հարկ վճարողների հանդեպ նվազել է 199.1 մլրդ դրամով (275.7 – 76.6)։ Ակնհայտ է, որ հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքի գումարը մարվել է գեներացված (ՊԵԿ ներկայացված հարկային հաշվարկներով հայտարարագրած) հարկային եկամուտների հաշվին՝ նվազեցնելով վերջինիս փաստացի կատարողականի ցուցանիշները։

Վերոհիշյալից հետևում է, որ երկու տարվա ընթացքում (2018 և 2019 թվականներին) մեզ հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 մլրդ դրամով (306.3+199.1), որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասն ավելացրել է պետական բյուջեի հարկային եկամուտները։

Տոկոսային արտահայտությամբ եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմում է 43.6 տոկոս (505.4/1,158.0)»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել