Չունենք որեւէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է. Արսեն Թորոսյան

Մենք չունենք որեւէ հիմք կարծելու, որ կորոնավիրուսը Հայաստանում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից:

Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը սկսել ենք փետրվարի 3-ից եւ առաջին դրական պատասխանը ստացել ենք մարտի 1-ին:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը այսօր հանձնարարել էի կորոնավիրուսային հետազոտություն իրականացնել մեր լաբորատորիայում պահվող թվով 26 նմուշները, որոնք վերցվել էին սուր շնչառական վարակներ ունեցող մեր քաղաքացիներից 2019թ դեկտեմբեր եւ 2020թ. հունվար ամիսներին:

Բոլոր 26 թեստի պատասխանները բացասական են: Հետեւաբար մենք չունենք որեւէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: Նման հիմքեր չկան նաեւ համաճարակաբանական առումով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել