Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Տաթև համայնքում հիմնվել է նոր ընկերություն, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ։
Ծրագրի իրականացման արդյունքում Տաթև բնակավայրում ձեռք է բերել 5,500 ք/մ անհատույց օգտագործման հողատարածք՝ 25 տարով, որում հիմնվել է երկու՝ յուրաքանչյուրը 200 ք/մ մակերեսով ջերմոց և բաց դաշտ։ Ջերմոցային տնտեսությունը գործում է կաթիլային ոռոգման միջոցով, որի համար անց է կացվել ավելի քան 350 գծամետր ջրային ենթակառուցվածք։
Տնտեսության բնականոն գործունեության ապահովման համար ձեռք են բերվել մշակաբույսերի սերմեր և սածիլներ։ 2019 թվականի տվյալներով տնտեսությունում հավաքվել է ընդհանուր 8,699 կգ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք և այն իրացվել է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկաներում։
Տնտեսությունում ստեղծվել է 8 նոր աշխատատեղ, իսկ աշխատակիցներն ապահովված են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններում աշխատելու անհրաժեշտ գործիքներով։ Ծրագրի արդյունքում գոյացած առաջին եկամուտները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող«ԳՈՒՄ» ՀԿ-ն ուղղել է Տաթև բնակավայրի հրապարակը վերակառուցելուն և կանաչապատելուն։
Ծրագրի հիմնական ձեռքբերումը նորաստեղծ «ՄԱՇ» ապրանքանիշն է, որի համար մշակվել է մարկետինգային ռազմավարություն և պատրաստվել են բրենդինգային նյութեր, որոնք կիրառվում են նաև տպագրության ու փաթեթավորման համար։
Մշակված եռամյա բիզնես պլանն արդեն գործում է։