ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Այս նախագծի ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հավակնորդին ԲՈՒՀ-ում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, եթե նրա նախընտրած մասնագիտության գծով ՀՀ կառավարության որոշմամբ հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չէ, ինչպես նաև ստեղծել հավասար պայմաններ հավակնորդների միջև, և որպես առաջնահերթություն դիտարկել հավակնորդի ընդհանուր զարգացվածության մակարդակը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, ո ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-ն որոշման հավելվածով հաստատված կարգի 2-րդ կետի սահմանված է, որ հավակնորդի կրթության շարունակումը ԲՈՒՀ-ում կազմակերպվում է մինչև 2014 թվականը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (ՄՄՈՒՀ) ընդունված հավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, ինչը հնարավորություն չի տալիս հավակնորդներին ՀՀ կառավարության որոշմամբ բարձրագույն կրթության մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված չլինելու դեպքում` նրանց կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` ԲՈՒՀ-երի և ՄՄՈՒՀ-ների կողմից ներկայացված հայտերի հիման վրա, մինչև տվյալ տարվա մայիսի 10-ը հաստատում է համապատասխան բուհ-ում կրթությունը շարունակելու համար հատկացված տեղերի թիվը` ըստ հաստատությունների և մասնագիտությունների, ինչպես նաև ՄՄՈւՀ-ներում ուսուցանվող այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հավակնորդը կարող է շարունակել կրթությունը բուհ-ում:
Միաժամանակ կարգով սահմանվում է, որ մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-Ը փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն` որտեղ ցանկանում է կրթությունը շարունակել:
Եթե ԲՈՒՀ տեղափոխվող հավակնորդների թիվը գերազանցում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված տեղերի թիվը, ապա ընտրությունը կազմակերպվում է մրցութային հիմունքով և 16-րդ կետի 2-րդ ենթակետով առաջնահերթություն է տրված ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրում առավել բարձր միավորների հանրագումար ունեցող հավակնորդին, սակայն նշյալ առաջնահերթությունը անհավասար պայմաններ է ստեղծում: ԲՈՒՀ-եր են դիմում միջին մասնագիտական կրթական ծրագրի տարբեր մասնագիտություններով և կրթության հիմքով ընդունված շրջանավարտներ: Խնդիրը կայանում է նրանում, որ տարբեր մասնագիտությունների դեպքում` համաձայն պետական կրթական չափորոշիչների, առարկանների (մոդուլների) քանակը տարբեր են լինում, տարբեր են նաև հիմնական կամ միջնակարգ կրթությամբ ընդունված շրջանավարտների դիպլոմի ներդիրի գնահատականների թիվ (հիմնական կրթությամբ ընդունվածների դիպլոմի ներդիրում առկա է նաև ՄՄՈՒՀ-ում ուսումնառած հանրակրթական առարկաները) և հանրագումարը հաշվելիս անհավասար պայմաններ է ստեղծվում հավակնորդների միջև:
Նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում: