Կրթաթոշակների չափերը կավելանան․ Արայիկ Հարությունյանը նոր նախագիծ կներկայացնի կառավարությանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել կրթաթոշակի չափերում։

ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է  պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակի չափերը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ:

Սահմանադրության 86-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթության զարգացումը:

Ըստ ՀՀ Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած ծրագրի, ի թիվիս այլնի Կառավարության խնդիրներից է մարդկային ներուժի զարգացումը, այդ թվում՝ կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով:                        Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ համապատասխան ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար, ինչը կնպաստի մարդկային մտավոր ներուժի զարգացմանը, հետազոտական գործունեության ու նորարության խթանմանը, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելուն: Գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված՝ նախարարության կողմից առաջարկվում է հետբուհական կրթություն ստացողներին նախատեսված կրթաթոշակի չափի ավելացում /35000 դրամով/՝ միտված  երիտասարդ մասնագետների սոցիալական վիճակի բարելավմանն ու կյանքի որակի փոփոխությանը, որն էլ իր հերթին կնպաստի ոլորտի կայուն զարգացմանն ու համընդհանուր բարեկեցության գործընթացին:

Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ,տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել