Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում:
Այս մասին նա գրում է․ «Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին, երեկոյան ժամը 22.00-ից կմասնակցեն վիրտուալ երթին, որում իրենց անունները կարտապատկերվեն Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին:
Վիրտուալ երթը, որը կցուցադրվի ուղիղ եթերում, կմեկնարկի ապրիլի 24-ին ժամը 22.00-ին եւ կշարունակվի մինչեւ լուսաբաց: Այսպիսով երթին կարելի կլինի մասնակցել աշխարհի բոլոր ծագերից»:
Կառավարությունից այ մասին հայտնում են․
Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:
Նույն ժամին հորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կհեռարձակվի նաեւ ուղիղ եթերում։
Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին` այդպիսով ազդարարելով իրենց խորհրդանշական մասնակցությունը և հարգանքի տուրքը Սուրբ նահատակների հիշատակին։
Ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Խոնարհումի արարողությունը կուղեկցվի դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կենդանի կատարմամբ:
Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը՝ 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի տարբեր ժանրերի՝ դասական և ժողովրդական ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց: