Տարակուսելի է, որ Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը: Այս մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում։
«2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:
Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:
Հարկ է արձանագրել, որ քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013 թվականից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ: Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը:
Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն:
Հիշյալ գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ»,– ասվում է հայտարարությունում: