ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Արման Սարգսյանին՝ Ոստիկանության աշխատողի օրվա կապակցությամբ:
«Մշտապես գտնվելով հասարակության ուշադրության կիզակետում եւ հավատարիմ մնալով Ձեր վճռական կեցվածքին՝ ակնհայտ է, որ Ձեզ հաջողվել է բարձրացնել ոստիկանի վարկանիշը հանրության շրջանում, որն անմիջականորեն կապված է հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման հետ: Բարեփոխումների այս դժվարին ճանապարհին դուք հանդես եք գալիս որակական նոր մակարդակի վրա՝ սահմանելով հմտությունների ու արհեստավարժության բարձր նշաձող, որն արդյունք է տքնաջան եւ համառ աշխատանքի»,- նշված է Է. Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձում:
Որպես երկու իրավապահ համակարգերի համատեղ ձեռքբերում՝ ԱԱԾ տնօրենը ընդգծել է հանցավորության դեմ պայքարում ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության մարմինների ուժերի եւ միջոցների համագործակցության ամրապնդումը եւ օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունավետությունը՝ որպես Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման կարեւորագույն նախապայման:
ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը պարգեւատրվել է «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով եւ արժեքավոր նվերով, իսկ ոստիկանության մի շարք աշխատակիցներ՝ «Մարտական համագործակցության համար» մեդալով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով։