Աջակցություն՝ 68 հազար դրամի չափով, եթե կորցրել եք աշխատանքը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացնում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառման վերաբերյալ։

Սույն միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

2) ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.

3) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.

4) ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։

Սույն ծրագրի շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ և այլ նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերություններում:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով` 68,000 ՀՀ դրամի չափով:

Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցությունը նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության ծառայությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և հարկային մարմնից ստացված տվյալները՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել