Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնում են, որ Իտալիայի Համահայկական հիմնադրամի կոմիտեն 4,600 եվրո է փոխանցել կորոնավիրուսի դեմ Հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին:
«Այդ գումարը հատուկ հավաքագրվել էր ու նախատեսված էր Իտալիայի հայերի միության կողմից գալիք ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ամենամյա ոգեկոչման արարողության համար, որը հասկանալի պատճառներով այս տարի չի կայանալու: Հիմնադրամի Իտալիայի կառույցը Պայքար Սվազլյանի ատենապետությամբ, Գևորգ Օրֆալյանի և Արմինե Պամպաքյանի անդամակցութամբ, հավաքագրված այդ դրամը փոխանցում են Հայաստանի իրենց հայրենակիցների կյանքերը փրկելու համար: Մեր սրտերն ու մտքերը Իտալիայի ժողովրդի և այնտեղ ապրող հազարավոր հայերի հետ են, ովքեր Իտալիան իրենց տունն են համարում:
Իտալիան միանում է աշխարհի մյուս հայ համայնքներին ու անհատներին, որոնք աջակցում են Հիմնադրամի դրամահավաք արշավին ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Բրազիլիան, Գերմանիան, Նիդերլանդները, Իռլանդիան, Ռուսաստանը : Մինչև այսօր հավաքագրվել է 125,091 ԱՄՆ դոլար, ուղարկվել է շուրջ 250 հազար դոլարին համարժեք բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնք խիստ անհրաժեշտ են Հայաստանին ու Արցախին: Միացեք COVID-19 համաճարակի դեմ համահայկական առցանց դրամահավաքին https://bit.ly/2wsYuk9 հղումով»,-նշված է հաղորդագրության մեջ: