Րոպեներ առաջ կառավարությունը Հայաստանի Հնարապետությունում հայտարարեց արտակարգ դրություն՝ կորոնավիուսի պանդեմիայով պայամանվորված։
Իրավաբան․net-ը Կառավարության որոշումը հասանելի կերպով ներկայացնում է հանրությանը։
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ։
Անցակետով թույլատրվում է ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների, Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:
ԱՐԳԵԼՎՈւՄ Է
Անցակետով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) կամ մուտք գործելուն նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում (տարածքներում), բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,
2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը,
3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:
Նշենք, որ պարետ է նշանակվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ցամաքային սահմանի անցակետով ՀՀ քաղաքացիների ելքը արգելվում է, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացնող անձանց և պարետի որոշմամբ արտահանումները չեն արգելվել:
Նշված սահմանափակումները չեն տարածվում այն անձանց նկատմամբ, որոնք արտակարգ դրություն հայտարարելու պահին ժամանում են Հայաստանի Հանրապետություն, նրանց Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 17.03.2020թ․ մուտք գործելու պայմանով:
Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ախտանիշների առկայության դեպքում իրականացվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում անձինք կարող են ժամանակավորապես մեկուսացվել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: Ինքնամեկուսացումը հիվանդի կամ հիվանդի հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`
1) համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի,
2) անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում,
3) սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում,
4) անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ,
5) տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը: