Վեչաքննիչ քաղաքացիական դատարանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ դատական նիստերը կիրականացնի գրավոր ընթացակարգով։
«Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական հաղորդումներին և կարևորելով հանրային առողջությունը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հայտնում է․
1․ Առաջնորդվելով անձանց արդար դատաքննության իրավունքի և բնակչության առողջության պահպանման իրավունքի հավասարակշռման անհրաժեշտությամբ՝ Վերաքննիչ դատարանի որոշումների համաձայն՝ այն դատական գործերի քննությունը, որոնցով սույն թվականի մարտի 16-ից 23-ը ընկած ժամանակահատվածում նշանակվել են դատական նիստեր, կիրականացվի գրավոր ընթացակարգով։ Այն դատական գործերով նշանակված դատական նիստերը, որոնցով պետք է ապահովել բանավոր կարգով քննություն, Վերաքննիչ դատարանի որոշումներով կհետաձգվեն, որի մասին գործին մասնակցող անձինք պատշաճ կծանուցվեն։
Խնդրում ենք դատական գործերի ընթացքին հետևել առցանց՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ֆեյսբուքյան էջի միջոցով։
2․ Անձնային շփումները հնարավորինս բացառելու համար գործին մասնակցող անձանց հորդորում ենք խուսափել փաստաթղթերը առձեռն դատարանի գրասենյակ հանձնելուց և դրանք ուղարկել փոստով։ Հրատապ և հույժ անհրաժեշտ դեպքերում փաստաթղթերը կարող եք ուղարկել միաժամանակ փոստով և դատարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]:
3․ Գործին մասնակցող անձանց խնդրում ենք գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճենները ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու համար դատարանի գրասենյակ ներկայանալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Սույն թվականի մարտի 16-ից 23-ը ընկած ժամանակահատվածում նշանակված դատական նիստերի մասին տեղեկությունները՝ ստորև։
Մաղթում ենք առողջություն»։




