«Ես երկու սխալ եմ թույլ տվել». Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին և ներողություն խնդրեց կուրթանեցի երիտասարդից:

«Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն, մեր սիրելի Մեխակ Առաքելյանին, ինչ-որ բան սխալ եմ ասել կամ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել:

Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի: մանավանդ, որ ես համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, և ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ իր պատկերացմամբ, առողջ տղամարդը պետք է աշխատի և իր տան խնդիրը լուծի. «Այլ բան, որ պետությունը պետք է աշխատելու հնարավորությունը ստեղծի, պետք է օգնի, որ աշխատողն ավելի մրցունակ լինի: Դրա համար մենք ստեղծել ենք «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, որով օգնում ենք այն մարդկանց, որոնք շուկայում մրցունակ չեն: Մենք ծրագրեր ենք իրականացնում, «խելացի անասնագոմեր»-ի ծրագիր ենք իրականացնում: Մենք հազար ընտանիքի ներգրավում ենք աղքատությունը հաղթահարելու ծրագրի մեջ: Մենք մարդուն կով ենք տալիս, որը հորթ ունենա, կերը տալիս ենք, անասնաբույժին վճարում ենք, որ կովին հետևից, այդ քաղաքացիներին փող ենք տալիս, որ կովին պահի: Սա կարևոր պրոցես է, որ մարդը հաղթահարի աղքատությունը:

Ենթադրենք մարդը գալիս ասում է՝ հաց չունեմ ուտելու, փող տվեք հաց առնեմ: Ասենք, հանեցինք մեկ մլն դրամ տվեցինք, էդ փողը սպառեց, հաց առավ կերավ, հետո ի՞նչ է լինելու: Էլի մեկ մլն տվեցինք, էլի, էլի, էդպես մինչև ե՞րբ, և էդպես քանի՞ հոգու: Ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը զարգանա, ոչ թե ավելի խեղճանա»,-ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Լոռու մարզ այցի ժամանակ Կուրթանի 34–ամյա բնակիչ Մեխակ Առաքելյանը մոտեցել էր վարչապետին ու խնդրել օգնել տան հարցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել և վարչապետին նման հարցով չդիմել։

«Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեի, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու: Հետն էլ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային ծրագիր ենք դրել, բա քեզ նման տղեն, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի` իմ տան, իմ հացի հարցը լուծի՞, բա իմ հացի հարցը ո՞վ է լուծելու: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, Երրորդ մասում ինձ համար 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Գնա աշխատի, քո ընտանիքի հարցը լուծի»,-ասել էր նա:

NEWS.am-ը նախօրեին այցելել էր վագոն–տնակ, որտեղ բնակվում է Մեխակի տասը հոգանոց ընտանիքը՝ չորս անչափահաս երեխաներով, և պարզել, որ Մեխակն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի և ապրում է կենցաղային շատ վատ պայմաններում։ Տեսանյութը մեծ արձագանք է գտել հանրության բոլոր շրջանակներում։ բազմաթիվ մարդիկ Մեխակին օգնելու ցանկություն են հայտնել, երեկվանից բազմաթիվ հասարակական–քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ վարչապետը անարդար է հանդիմանել Մեխակին, շատերը Փաշինյանին կոչ էին անում նրանից ներողություն խնդրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել