Շուրջ 90 դեղատներում ու դեղատնային ցանցերում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումանսիրություններ է կատարել։ Այս մասին այսօր՝ մարտի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Որոշ ժամանակ առաջ դիմակների արտահանում է տեղի ունեցել, ու ոչ խոշոր վաճառողների կողմից։ Որևէ խոշոր ներմուծողների մոտ դիմակի գին չի բարձրացել։ Այո, կան ցանցեր, որ դիմակ չկա, բայց գին չի բարձրացրել ներմուծողների շրջանում։ Այն, որ ստեղծվում է արհեստական դիֆիցիտ կամ գների չհիմնավորված բարձրացում՝ իրականությանը չի համապատասխանում։ Փոքր դեղատներում կա դիմակի գների բարձրացում, տեղեր կան՝ 200 դրամ, 300 դրամ։ Մեզ ուղարկում էին նույնիկ, որ List.am-ում են վաճառում, ֆեյսբուքով են հայտարարություններ դնում, բայց դրանք տնտեսվարող սուբյեկտներ չեն և մեր տիրույթում չեն գտնվում»,-ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա նաև հայտնեց, որ բանակցություններ են վարվում արտերկրի գործընկերների հետ՝ նոր խմբաքանակներ ներմուծելու համար, սակայն ինչպես նաև իրենք են հայտնում՝ աշխարհում դիմակների դիֆիցիտ կա և դրանց գները որոշակի բարձրացել են։ Եթե նոր խմբաքանակ հնարավոր լինի ձեռք բերել՝ թանկ կարժենա։
ՏՄՊՊՀ նախագահը կոչ արեց փոքր տնտեսվարողներին՝ դրսևորել սոցիալական պատասխանատվություն ու խուսափել անհարկի չարաշահուներից, անտեղի խոսակցություններից զերծ մնալու համար։ «Առողջապահության նախարարությունը ևս ունի խմբաքանակներ՝ սեփական կարիքների համար և որոշակի խմբաքանակ ձեռք է բերել։ Պետական հատվածն ունի իր ռեզերվը։ Խոշորների մոտ ևս կան պահեստավորված խմբաքանակներ՝ սեփական կարիքների և դիմակների համար»,-նշեց Գեղամ Գևորգյանը։
Ինչ վերաբերում է ախտահանիչ նյութերին՝ դրա խնդիրն առաջացել է վերջին 2 օրերին, երբ հայտարարվել է կորոնավիրուսի մասին Հայաստանում 1-ին դեպքը։
«Իրավիճակն այսօր լիովին այլ է, դեղատներում կան ախտահանիչ նյութեր»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում էլ կան նմանատիպ նյութեր արտադրող ընկերություններ, նրանց հետ կապ է հաստատվել, որոնք առաջիկա օրերին մեծ խմբաքանակով արտադրություն կիրականացնեն։