Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Hraparak.am կայքում տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն «անցնում է» փետրվարի 5-ին հայտնի դարձած՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին մեղսագրվող կաշառք ստանալու քրեական գործով:
«Թեեւ կայքի լրագրողի հետ հեռախոսազրույցում Հայկ Սարգսյանն անձամբ հերքել է այս բամբասանքը, այնուհանդերձ, ապատեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցով:
Կրկին հայտնում ենք, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը որեւէ քրեական գործի, առավելեւս, «Վահագն Վերմիշյանի» գործի հետ առնչություն չունի որեւէ կարգավիճակով: Տեղեկացնում ենք նաեւ, որ, հակառակ հիշյալ նյութում առկա տեղեկության, Հայկ Սարգսյանը չի համակարգում կամ չի վերահսկում շինարարության ոլորտը:
Քաղաքապետի տեղակալի անվան արծարծումը նմանատիպ նյութերի տարածման մեջ համարում ենք քաղաքային իշխանության եւ քաղաքապետի տեղակալի անձի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի արատավորման փորձ:
Հորդորում ենք լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն պարունակող նյութեր, իսկ «Հրապարակ» օրաթերթին առաջարկում ենք համարժեք հերքում հրապարակել՝ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների»,-ասվում է հայտարարության մեջ: