Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իշխանությունների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև առկա լարվածության խնդրին՝ նշեց, որ գործող իշխանությունն ունի մի մեծ «շնորհք», անիմաստ տեղը, ինչ-որ ցածր վստահություն ունեցող որևէ մեկին դարձնելու հերոս:
«Հիմա անիմաստ հերոսացման արդյունք է, որի մասին ես նախկինում արտահայտվել եմ։ Ամփոփելով ասեմ, հայտարարություններն ուղղված են իշխանություններին, որ իշխանություններն իրենց գործողությունները համապատասխանեցնեն իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության չափանիշներին, այլապես այս հայտարարությունները վաղը դառնալու են զեկույց համազեկուցողների ձեռքին»,-ասաց նա:
Այս հայտարարությանը արձագանքեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով. «Եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր ռեյտինգ ունեցող անձանց անիմաստ հերոս դարձնելու, Դուք վաղուց հերոս կլինեիք պարոն Մարուքյան»։ Մարուքյանն իր հերթին արձագանքեց. «Այսինքն ես ունեմ ցածր ռեյտի՞նգ: Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսեք ձեզ կճանաչե՞ն: Պետք է մտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք: Ես իմ գնահատականները տվել են, ինչի՞ եք նյարդայնանում»: Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Մարուքյանը խեղաթյուրված է ներկայացնում իրավիճակը: