Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Արա Վարդանյանի (Ճվճվ Արո) որդուն՝ Սարգիս Վարդանյանին. նա դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, Իրավաբան․net-ին հայտնեց Վարդանյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը։
Սարգիս Վարդանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով։ Նշենք, որ Վարդանյանը հակված չէ դիմել վերաքննիչ դատարան։
«Նա վերջում ընդունեց իր մեղքը և փոխատուցեց պատճառված վնասի համար»,-նշեց Հովհաննիսյանը։
Նախագահող դատավորը Հարություն Մանուկյանն էր։
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով`Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում:
60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին և ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ:
Նշենք, որ գործով իրեղեն ապացույցներ են ճանաչվել Ս.Վարդանյանի հագուստները, միկրոպրեպարատները, բջջային հեռախոսը՝ փաթեթավորված վիճակում: