Ֆիլիպիններում հանգստացող բրազիլացի ընտանիքի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ընտանիքը տեղափոխվել է Պալավան նահանգի հիվանդանոցի մեկուսարան:
Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Բրազիլացի զույգի դստեր մոտ բժիշկներն արձանագրել են 2019-ի CCV վիրուսի չորս հիմնական ախտանիշներից երեքը: Ըստ հաղորդումների, բրազիլացի երիտասարդ կինը տենդ ունի, նա տառապում է շնչուղիների հիվանդությամբ: Վերջերս չորս հոգանոց ընտանիքը այցելել է Չինաստանի Վուհան քաղաք՝ հիվանդության էպիկենտրոն:
Բրազիլիայի ընտանիքը 12 օր կանցկացնի հիվանդանոցի մեկուսարանում: Նրանք դուրս կգրվեն, եթե հիվանդը բուժվի բոլոր ախտանիշներից, և թեստի արդյունքները բացասական լինեն:
Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 41-ի, հաստատվել է վարակի ավելի քան 1300 դեպք: