Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն ունեցող Աշոտ Ղ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 02.10.2012թ. իր՝ Երևանի Բուռնազյան փողոցի X տանը բռնության գործադրմամբ Կարիեն Մ.-ի (անունը փոխված է) կամքին հակառակ զրկել է վերջինիս ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության կողմից:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի՝
1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝ 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, 3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, 4) անչափահասի նկատմամբ, 5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, 6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, 7) շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝ 1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից, 2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net