Կառավարությունն այսօր՝ հունվարի 9-ին, 2020 թվականի առաջին նիստի ժամանակ որոշում կընդունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացնելու մասին։
Այժմ, առաջին կամ երկրորդ երեխայի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է`
- առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ,
- երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ:
Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:
Կառավարության որոշմամբ, 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 300․000 դրամ։
Նախագծի հիմանվորման համաձայն, նպաստների տրամադրման անհրաժեշտ լրացուցիչ միջոցները 2020թ. համար կկազմեն 3.7 մլրդ դրամ, որը նախատեսված է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագծով։