Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետևանքով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Հայտարարության տեքստը տեղադրվել է նաև պարսկերեն լեզվով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքն Իրանի քաղաքացիներին է վերաբերում: Վերջին տարիներին այդ երկրի բազմաթիվ քաղաքացիներ ԱՄՆ մուտքի արտոնագիր էին ստանում Երևանում:
Նշվում է նաև, որ դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգերը ևս փոփոխվել են:
«ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ։ Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։ Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին։ Ավիահարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Կոնգրեսը հարձակման մասին նախապես տեղյակ չէր պահվել։ Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Պենտագոնը հայտարարել է, որ Իրանն արձակել է առնվազն 12 հրթիռ։