Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սկսել է Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների, այդ թվում՝ «Այն ալ-Ասադ» ավիաբազայի ուղղությամբ հարվածի երկրորդ ալիքը:
Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: Իրանական կողմն արձակել է տասնյակ «ցամաք-ցամաք» տեսակի հրթիռներ:
Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են տեղեկությունը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զեկուցվել է հարձակման մասին: ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին կոչ է արել մեծաքանակ զոհերից խուսափելու համար զորքերը դուրս բերել Մերձավոր Արևելքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ամեն ինչ լավ է: Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքում տեղակայված երկու ռազմաբազաների վրա։ Ներկայումս գնահատվում են կորուստներն ու վնասները։ Ամեն ինչ նորմալ է։ Մենք ամենահզոր ու ամենից ավելի լավ զինված ռազմական ուժն ունենք աշխարհի ցանկացած վայրում։ Վաղն առավոտյան ես հայտարարություն կանեմ»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով վաղ առավոտյան, սպանվել էր իրանցի ազդեցիկ զորահրամանատարներից մեկը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ` «Ղոդս» անունը կրող ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: