Ճամպրուկը գողացել է ու պահել իր տան բակում գտնվող շան բնում. ամբաստանյալի ցուցմունքը

Համլետ Թառոյանը, 2012 թվականի հունիս ամսին Երևան քաղաքում ծանոթանալով գործով տուժող Դավիթ Հակոբյանի հետ, սուրճ խմելու պատրվակով նրան հրավիրել է իր տուն, որտեղ Դավիթ Հակոբյանի հետ միասին ճաշելուց և ոգելից խմիչք օգտագործելուց հետո Համլետ Թառոյանը դանակով Դավիթ Հակոբյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիցս հափշտակել է 5000 ՀՀ դրամ գումար:

 

Բացի այդ, Համլետ Սարգսի Թառոյանը, 2012 թվականի հուլիսի 29-ին` ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում և օգտվելով այն հանգամանքից, որ նշված թաղամասի 1-ին փողոցի Մերուժան Շահինյանին պատկանող թիվ 11 տան դուռը գտնվել է բաց վիճակում, ապօրինի մուտք է գործել այդ տուն և տան հյուրասենյակից գողացել է հագուստներով լցված ճամպրուկը` տուժողին պատճառելով ընդհանուրը 287000 ՀՀ դրամի նյութական վնաս: Այս ամենը դատաքննությամբ ապացուցված է համարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը:

 

Տեղեկացնենք, որ ամբաստանյալ Համլետ Թառոյանն իրեն մեղավոր չի ճանաչել և դատարանին հայտնել է, որ 2012 թվականի հունիս ամսին ինքը ծանոթացել է Դավիթ Հակոբյանի հետ ու վերջինիս հրավիրել է իր տուն, որտեղ իրենք միասին ճաշել և ոգելից խմիչք են օգտագործել: Այնուհետև ինքը Դավիթ Հակոբյանից պարտքով խնդրել է 2000 ՀՀ դրամ, որն էլ Դավիթ Հակոբյանը տվել է իրեն: Ինքը Դավիթ Հակոբյանին դանակով չի սպառնացել, Դ. Հակոբյանը նշված գումարն իրեն տվել է կամավոր:

 

2012 թվականի հուլիսի 29-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ինքը ցանկացել է գնումներ կատարել իրենց թաղամասի բնակիչ Մերուժան Շահինյանին պատկանող խանութից ու այդ նպատակով գնացել է նրա տուն: Տուն մտնելուց հետո ինքը հասկացել է, որ այնտեղ մարդ չկա ու որոշել է պատժել Մերուժան Շահինյանին, մի քանի օր առաջ իրեն պարտքով սննդամթերք չտրամադրելու համար և վերցրել է հյուրասենյակում դրված ճամպրուկը`անտեղյակ լինելով դրա պարունակության մասին: Դրանից հետո ինքը նշված ճամպրուկը տարել և պահել է իր տան բակում գտնվող շան բնում, իսկ երբ Մերուժան Շահինյանը եկել և իրենից պահանջել է վերադարձնել նշված ճամպրուկը, ինքն այն վերադարձրել է նրան:

 

Դատարանը գտնել է, որ ամբաստանյալ Համլետ Թառոյանի կողմից տրված նմանօրինակ ցուցմունքներն արժանահավատ չեն, դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից, այդ ցուցմունքները հերքվել են, և ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքները հիմնավորվել են քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով:

 

Համլետ Թառոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով ու նրան դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 3 /երեք/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով` ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվել է ազատազրկում 5 /հինգ/ տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

 

Ազատազրկման ձևով նշանակված պատիժը Համլետ Թառոյանը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական համապատասխան հիմնարկում: Պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 2012 թվականի հուլիսի 31-ից:

 

Համլետ Թառոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը, թողնվել է անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

 

Դատավճիը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

 

Վերաքննիչ բողոքով դատարանին խնդրում են բեկանել և փոփոխել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Համլետ Սարգսի Թառոյանի /ՀՀ քր. օր. 175 հոդ. 1-ին մասով , 177հոդ. 3-րդ մասի 1.1 կետով , ՀՀ քր.օր. 66 հոդ. կարգով վերջնական պատիժ – ազատազրկում 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման / վերաբերյալ 18.12.2012թ. դատավճիռը, ՀՀ քր. օր.175 հոդ. 1-ին մասով կայացնել արդարացման դատավճիռ, ՀՀ քր.օր. 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետով արարքը վերաորակել ՀՀ քր. օր. 177 հոդ. 1-ին մասով , նշանակել մեղմ պատիժ և ազատել պատժի կրումից:

 

Գործի քննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել