Աշխեն Բաբայանը և Էդգար Բաբայանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման Հանձնաժողովի և ՀՀ քաղաքաշինության նախարարության` Հանձնաժողովի 05.10.2010թ. թիվ 20 արձանագրությամբ թիվ 1 հավելվածի 10-րդ կետը փոփոխելու, հայցվորների մասով վերացնելու և պատասխանողներին Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում 2010թ. կառուցված, բնակեցման ենթակա բնակելի տներից երկու սենյականոց տուն հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Դիմելով dատարան` հայցվորները հայտնել են, որ Թելման Բաբայանի ընտանիքը 4 անձով՝ ինքը, կինը՝ Արևհատ Վահրադյանը, և Էդգար, Աշխեն Բաբայանները մինչև 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բնակվել են Սպիտակ քաղաքի Մուրացան թիվ 4 շենքի թիվ 1 երկու սենյականոց բնակարանում։ Երկրաշարժի հետևանքով նշված բնակարանը քանդվել է, որի հետևանքով նրան ընտանիքը հաշվառվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի աղետի հետևանքով բնակարան կորցրած անօթևան և բնակարանի կարիքավոր ընտանիքների արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում՝ երկու սենյականոց բնակարան ստանալու համար։
05.10.2010 թվականին ՀՀ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացման հանձնաժողովի կողմից կայացված արտագնա նիստի ժամանակ կազմվել է թիվ 20 արձանագրությունը, որով որոշվել է Թելման Բաբայանի ընտանիքին չընդգրկել բնակարան ստացող անձանց ցուցակում, այն հիմքով, որ Թելման Բաբայանի անվամբ Սպիտակի քաղաքապետի 26.05.2005թ. թիվ 84 որոշման հիման վրա 26.05.2005թ. գրանցվել է սեփականության իրավունք ք. Սպիտակ, Մուրացան փողոցում գտնվող փայտաշեն բնակելի տան նկատմամբ։
Որպես իրավական հիմնավորում` նշվել է նախորդ տարիներին բնակարանային պայմանների բարելավումը։ Մինչդեռ, հայցվորները գտնում են, որ Հանձնաժողովը հաշվի չի առել, որ բնակարանով ապահովված է միայն Թելման Բաբայանը, իսկ հայցվորների անվամբ սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակարան կամ բնակտարածք գրանցված չէ և գոյություն չունի։ Հայցվորների բնակարանային պայմանները չեն բարելավվել։
Սույն վարչական գործով դատարանը 2012թ. սեպտեմբերի 18-ի վճռով հայցը բավարարել է մասնակի: Դատարանը գտել է, որ բարելավվել են միայն Թելման Բաբայանի բնակարանային պայմանները, ինչը կարող էր հիմք հանդիսանալ նրան հաշվառումից հանելու համար։ Մինչդեռ ընտանիքի մյուս անդամների՝ մասնավորապես հայցվորներ Էդգար և Աշխեն Բաբայանների բնակարանային պայմանները չեն բարելավվել։ Նման պայմաններում Թելման Բաբայանի բնակարանային պայմանների բարելավման պայմաններում նրա՝ հաշվառման մեջ գտնվելու իրավունքի կորուստը չի կարող հանգեցնել ընտանիքի մյուս անդամների, մասնավորապես հայցվորներ Էդգար և Աշխեն Բաբայանների իրավունքի կորստին առանց ՀՀ կառավարության 10.06.1999 թվականի թիվ 432 որոշմամբ հաստատված Կարգի 12-րդ կետով նախատեսված հիմքերի։
Տվյալ դեպքում հայցվորներ Էդգար և Աշխեն Բաբայանները հաշվառվել են երկրաշարժի հետևանքով քանդված՝ Մուրացան 4 շենքի N 1 բնակարանի դիմաց 2-սենյականոց բնակարան ստանալու համար։ Իսկ նրանց հաշվառումից հանելու պարագայում խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված վերջիններիս սեփականության իրավունքը։
Ելնելով վերը նշվածից՝ դատարանը գտել է հայցադիմումը` որոշումը մասնակի վերացնելու մասով ենթակա է բավարարման և 05.10.2010թ. Սպիտակ քաղաքում տեղի ունեցած արտագնա նիստի թիվ 20 արձանագրության N 1 հավելվածի 10-րդ կետը հայցվորներ Էդգար և Աշխեն Բաբայանների մասով ենթակա է անվավեր ճանաչման։
Ինչ վերաբերում է պատասխանողներին Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում 2010թ. կառուցված, բնակեցման ենթակա բնակլի տներից երկու սենյականոց տուն հատկացնելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջին, ապա Դատարանը գտել է, որ այն ենթակա է մերժման:
Սույն վճիռը 2012 թվականի հոկտեմբերի 11-ին պատասխանող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից բողոքարկել է Վերաքննիչ վարչական դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net