Նախկին դատավորը պահանջում է իր կենսաթոշակի վերահաշվարկ

2010 թվականի հունիսի 15-ին ՀՀ վարչական դատարանը, քննելով վարչական գործն ըստ հայցի նախկին դատավոր Լյովա Գաբրիելյանի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետի 25.12.2009թ. թիվ Ե2009-11880 գրությունն անվավեր ճանաչելու, վերահաշվարկ կատարելուն ու վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վճռել է հայցը բավարարել։

 

Լյովա Գաբրիելյանը 01.02.2010թ. հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2009թ. հունվարի 1-ից մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը չվերահաշվարկված կենսաթոշակի չվճարված մասը` 3.539.200 դրամ վճարելուն և ամսեկան կենսաթոշակի չափը 642.500 դրամ սահմանելուն պարտավորեցնելու պահանջների մասին։

 

Հիշեցնենք, որ Լյովա Գաբրիելյանը 1982 թվականի հունիսի 21-ից մինչև 1986թ. աշխատել է Լենինականի ժողդատարանի ժողդատավոր, 1986 թվականից մինչև 1999թ.՝ Լենինականի Մոսկովյան և Շիրակի շրջանների ժողդատարանի նախագահ, իսկ 1999թ. հունվարի 12-ից մինչև 2005 թվականի փետրվարի 5-ը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ ՀՀ Նախագահի 05.02.2005թ. հրամանագրով, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետի և 96-րդ հոդվածի համաձայն` իր լիազորությունները դադարեցվել են` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։

 

Հայաստանի Հանրապետության «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» 26.05.2008թ. օրենքի համաձայն` նախկին դատավորների կենսաթոշակները հաշվարկելիս հիմք է ընդունվում ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը։ Նույն օրենքի 2.1-րդ հոդվածի համաձայն` դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած և ՀՀ դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի կենսաթոշակի նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար նրա՝ որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 75 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, որը վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքները, Լյովա Գաբրիելյանը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վ. Խաչիկյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Համբարձումյանին` վերոհիշյալ օրենքի ուժով կենսաթոշակի վերահաշվարկ կատարել և վճարելու համար, սակայն իր խնդրանքները մերժվել են։

 

Պատասխանողը պատճառաբանում է, որ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի 2009 թվականի նոյեմբերի 6-ի թիվ վԴ/5524/05/08 վարչական գործով ընդունված որոշումն ըստ էության չեն լուծում կենսաթոշակի նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի վերահաշվարկմանն առնչվող խնդիրը։

 

Սույն գործով ՀՀ վարչական դատարանը եզրակացրել է, որ «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» օրենքի 21-րդ հոդվածից չի բխում քննարկվող հավելավճարի չափը դատավորների գործող պաշտոնային դրույքաչափի փոփոխության դեպքում վերահաշվարկման ենթակա չլինելու վերաբերյալ պատասխանողների մեկնաբանությունը։ Դատարանը հաստատված է համարել, որ հայցվորի դիմումի մերժման հիմքում դրվել են այլևս չգործող իրավական ակտեր, իսկ «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի մեկնաբանությունները պատասխանողի կողմից հիմնավորված չեն։ Այսինքն, վիճարկվող ակտը ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում։

 

Նման պայմաններում դատարանը գտնել է, որ վիճարկվող վարչական ակտը` նախկին դատավոր Լյովա Գաբրիելյանի կենսաթոշակին տրվող հավելավճարի չափը վերահաշվարկելը մերժելու մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 25.12.2009 թվականի թիվ Ե-2009-11880 գրությունը, ենթակա է անվավեր ճանաչման։

 

Ներկայումս սույն գործը, մի քանի ատյան անընդմեջ բողոքարկվելուց հետո, գտնվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վարույթում: Գործով վերաքննիչ վարչական դատարան է բողոքարկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ թիվ ՎԴ/0228/05/10 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 2010 թվականի հունիսի 15-ի վճռի դեմ գործին մասնակից չդարձնելու հիմքով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել