Ազգային ժողովում քվեարկության դրվեց արդարադատության նախարարության ներկայացրած նախագծի՝ Դատական օրենսգրքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
Ազգային ժողովը 82 կողմ, 34 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց նախագիծը 2-րդ ընթերցմամբ։ Նշենք, որ պատգամավորներից 7-ը իրենց «կողմ» քվեն փոխանցել էին գրավոր ընթացակարգով։
«Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նախագծին։
Դրանում էր նաև ՍԴ անդամներին (դատավորներին) վաղաժամկետ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ կարգավորումը։
Նախագծում տեղ է գտել նաև մի այսպիսի դրույթ․ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։