Կադաստրի կոմիտեի այսօրվա հերթական աշխատանքային քննարկմանը վեր հանվեցին բազմաթիվ հարցեր․ կազմակերպչականից մինչև օրենսդրական դաշտի վերանայում, մշակում, կատարելագործում՝ փոփոխություններ ու լրացումներ։
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նախ անդրադարձավ հենց իր առաջին հանձնարարականին՝ շինարարական աղբից տարածքը մաքրել, որը պատշաճ մակարդակով չէր կատարվել, ուստի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարին հանձնարարվեց վերանայել աշխատակցի հետ կնքված պայմանագիրը և ըստ ընթացակարգի լուծարել այն։
Քննարկմանը ներկայացվեցին նախորդ շաբաթ տրված հանձնարարականները։ Առաջինը պետք էր հետևել կոմիտեի շենքի գլխավոր մուտքի շինարարական աշխատանքների ընդունմանը և հանձնմանը։ Քանի որ աշխատանքները սահմանված ժամկետից ուշանում են, ապա կոմիտեի ղեկավարը հանձնարարեց համաձայն կնքված պայմանագրի․«Կիրառել իրավական բոլոր պատժամիջոցները»։
Հաջորդ հանձնարարականը տրված էր սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ Արման Օսիկյանին՝ մշակել նախնական սխեմա այն կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների և սպասարկման գրասենյակների, որոնք հեռախոսազանգերին չեն արձագանքում։ Նա հիշատակեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման տվյալները, որտեղ տեսանելի են, թե որ աշխատակցին քանի զանգ է փոխանցվել, որքանին է տրվել պատասխան։
Հաշվառման և հողաշինարարության վարչության պետ Սասուն Կիրակոսյանն էլ անդրադարձավ քարտեզների ճշգրտման խնդիրների հետ կապված շրջաբերականի նախագծին, որն արդեն քննարկվել է մասնագիտական բոլոր ստորաբաժանումներում։ Այն 2 կետով դրվել է շրջանառության, և քանի որ քարտեզների հարցը բավական կարևոր է, ապա պարոն Թովմասյանն առաջարկեց ցուցաբերել համակարգային մոտեցում։
Հանձնարարականներից հետո կոմիտեի ղեկավարը կարևորեց ոլորտում արվածն ու վեր հանեց անելիքները, տվեց մի շարք հանձնարարականներ։ Քննարկմանը նախանշվեցին որոշակի հստակ գործընթացներ, որոնք հատկապես իրավական կարգավորման կարիք ունեն, իսկ ինչպես նշեց կոմիտեի ղեկավարը․ «Մասնագիտական թերացումները պետք է բացառվեն»։
Նա առաջարկեց մշակել մի մոտեցում, համաձայն որի՝ կրթական բոլոր հաստատությունների մասնագիտական ստորաբաժանումները, ինչպես նաև շուկայում առկա մասնագիտական լուրջ ծառայություններ մատուցող ընկերությունները, ներգրավված լինեն նախատեսվող օրենսդրական փոփոխությունների գործընթացին։
Խոսվեց նաև վերահսկողության վարչության աշխատանքների մասին, որտեղ տրվեցին հստակ հանձնարարականներ։
Քննարկման վերջում Սուրեն Թովմասյանը կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներին հանձնարարեց երկօրյա ժամկետում ամփոփել 2019թ․-ի ծրագրերը․ նախատեսված ու կատարված կամ չկատարված աշխատանքների մասին տալ համապատասխան հիմնավորում։ Առաջարկվեց բոլոր ստորաբաժանումներին աշխատանքային յուրաքանյուր քննարկմանը ներկայացնել առաջարկներ, որոնք նույնպես կդրվեն քննարկման։