Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը այսօր՝ նոյեմբերի 28-ին, ասուլիս էր հրավիրել, որի թեման ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան տեսանյութն էր, որի ընթացքում ավագանու անդամը անդրադարձել էր Հակոբ Կարապետյանի հրապարակած նվիրատուների ցանկին և նշել, որ «Խնդիրը ոչ թե այն է, որ քաղաքը, համայնքը ստացել է նվերներ, այլ այն է, որ դրանք թաքցվել են հասարակությունից քաղաքապետարանի կողմից: Դրանք ոչ թե անհատույց նվերներ են այլ կոնկրետ բանի դիմաց են շինթույլտվության:Ես պարզելու եմ, թե այս ընկերություները ինչ գործառույթ են իրականացնում և ինչ առնջություն են ունեցել քաղաքապետարանի հետ»:
Հակոբ Կարապետյանը հիշեցրեց, որ քաղաքը պատրաստ է նվիրատվություն ընդունել բոլոր այն մարդկանիցից, ովքեր նպատակ ունեն դա անելու:
«Հայկ Մարությանը հայտարարել էր, որ կընդունի Սամվել Ալեքսանյանից նվիրատվությունը այնպես, ինչպես մնացածներից և պախարակելի բան նրանից նվեր ընդունելու մեջ չկա: Վերահաստատում եմ, որ քաղաքապետը պատրաստ է ընդունել նվիրատվություն թեկուզ Սամվել Ալեքսանյանից: Իսկ ինչ վերաբերում է «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ի շինթույլտվությանը, ասեմ, որ այո տրվել է»,- նշեց Հակոբ Կարապետյանը և հավելեց, որ 21 մեքենա է նվիրաբերվել Երևան քաղաքին, մյուս պայմանագրերը ընթացքի մեջ են և դեռ չեն կարող հրապարակել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ, քաղաքային տնտեսության զարգացմանն օժանդակելու նպատակով նվիրատվություններ են արել քաղաքին:
Այսօր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է նվիրատուների ցանկը։