Մաքսային օրենսգրքի 214-րդ հոդվածը սահմանում է, որ եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձանց պատկանող տարածքներում, շինություններում կամ տրանսպորտային միջոցներում պահվում են մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքներ կամ հատուկ պատրաստված գաղտնարաններ, որոնք օգտագործվում են գաղտնի ճանապարհով ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու նպատակով, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարել տարածքների, շինությունների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների մաքսային զննում, որին պարտադիր կարգով մասնակից են դարձվում տվյալ օբյեկտների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև մասնագետներ:
Մաքսային զննման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, զննում անցկացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, զննման արդյունքների մանրամասն նկարագրությունը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:
Օրեենսգրքի 215-րդ հոդվածը սահմանում է, որ մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն վերցնել պատրաստի արտադրանքի, հումքի, նյութերի, ձեռագրերի և ապրանքների հատկությունները բնութագրող նմուշներ կամ փորձանմուշներ, եթե դրանց հետազոտումն անհրաժեշտ է գործի քննության համար:
Նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելու մասին կայացվում է պատճառաբանված որոշում, որտեղ նշվում է որոշումը կայացնողի պաշտոնը և ազգանունը, որտեղից, ինչ չափով, ինչ նմուշներ կամ փորձանմուշներ պետք է վերցվեն և այլ հանգամանքներ:
Մաքսային մարմնի պաշտոնատար անձը, մասնակիցների և ընթերակաների ներկայությամբ, կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները և վերցնում նմուշներ կամ փորձանմուշներ: Բացի փաստաթղթերից, նմուշները (փորձանմուշները) փաթեթավորվում և կնքվում են: