Վրդովված ստոմատոլոգները դադարեցնում են իրենց գործունեությունը. (լուսանկարներ)

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ստոմատոլոգների արտահերթ համագումարը: Համագումարին մասնակցում էին շուրջ 2500-3000 ստոմատոլոգներ և նրանց սատարող անձիք:

 

 

Ստոմատոլոգների հավաքի նախաձեռնող խումբը պաշտոնապես հրավեր էր ուղարկել Կառավարության անդամներին, սակայն այդպես էլ ոչ ոք չներկայացավ Կառավարությունից:

 

Համագումարին ներկա էր նաև ՀՀ Գլխավոր ստոմատոլոգը, ով ևս մտահոգ էր բարձրացված խնդրով:

 

Հայաստանի ստոմատոլոգների ասոցացիայի նախագահն իր ելույթում նշեց, որ նա հավատում է երկրի նախագահին և վստահ է, որ նա չի թողնի երկրի ստոմատոլոգները մնան այս իրավիճակում:

 

Նախաձեռնող խմբի անդամներից ստոմատոլոգ Արթուր Մկրտչյանը մտավախություն հայտնեց, որ միգուցե մի օր էլ ատամի ներարկման, բամբակի կիրառման և թքամանի համար ևս վճարներ պահանջվեն:

 

Համագումարի ժամանակ տեղի ունեցավ ստորագրահավաք, ընթերցվեց նախագահին ներկայացվելիք նամակը:

 

Իր ելույթով դահլիճին մեծ ոգևորություն հաղորդեց ստոմատոլոգիական կլինիկաներից մեկի տնօրեն Մարո Մելիքյանը: Նա իր ելույթը վերնագրել էր ‹‹Մեղավորը մենք ենք››: Վերջինս նշեց, որ առանց մեղսակցի մեղք չի գործվում, քանի որ 20 տարիների ընթացքում ստոմատոլոգները, ունենալով բազմաթիվ խնդիրներ, երբեք չեն բարձրաձայնել դրանք՝ չիմանալով, թե ում դիմել:

 

Նշենք, որ Մարո Մելիքյանն արդեն փակել է իր կլինիկան և նրա օրինակին են հետևել և հետևում բազմաթիվ կլինիկաների տնօրեններ:

Մարո Մելիքյանն Իրավաբան.net-ի հետ զրույցի ընթացքում պատմեց հետաքրքիր մի առակ:

 

Համաձայն որի՝ թագավորն ուղարկում է հարկահավաքներին հարկեր հավաքելու համար: Հարկերն այնքան ահռելի չափերի են հասնում, որ բնակիչները մնում են առանց որևէ ունեցվածքի և այլևս հնարավոր չի լինում հավաքել անգամ մինիմալ հարկեր:

 

Թագավորը զայրանում է հարկահավաքների վրա և ասում. ‹‹Ես Ձեզ կարգադրել էի սափրահան անել, իսկ դուք մաշկահան եք արել…››:

 

‹‹Մեզ ստոմատոլոգներիս նման եղանակով մկանահան են անում,››- իր խոսքն ավարտեց վրդովված բժիշկը:

 

Հավաքի վերջում ստոմատոլոգների մի մասը պահանջում էր պայքարի այլ ձևաչափ ընտրել՝ միահամուռ հավաքվել և կազմակերպել հանրահավաք: Մյուս մասը չբացառեց այդ գործողությունները, սակայն այս պահին նպատակահարմար համարեց բողոքը շարունակել քաղաքակիրթ՝ բժիշկներին վայել տարբերակով. պետության դեմ ոչ թե պայքարել, այլ բանակցությունների գնալ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել