Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Սամվել Ս.-ի, Ալեն Ղ.-ի, Ռադիկ Փ.-ի, Գագիկ Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատրաստել և իրացրել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ:
Բոլոր չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Գրիգորյանի կողմից:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի`
1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից 800-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: